Shadowmatic-ի հերթական հաղթանակը
Հայ մասնագետների ստեղծած Shadowmatic խաղը հերթական հաջողությունն է արձանագրել. Սան-Ֆրանցիսկոյում կայացած IMGA (International Mobile Gaming Awards) 12-րդ միջազգային մրցանակաբաշխությունում երկու անվանակարգում՝ «Լավագույն տեխնիկական նվաճում» և «Հանդիսատեսի համակրանքը», լավագույնն է ճանաչվել: Այս մասին տեղեկանում ենք Shadowmatic խաղի ֆեյսբուքյան էջից:
««Best Technical Achievement»-ը անսպասելի էր, քանի որ մրցակիցները շատ էին և ուժեղ, մինչև վերջ չէի հավատում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Տրիադա Ստուդիո»-ի ծրագրավորող Բագրատ Դաբաղյանը:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը կայացել է մարտի 15-ին:
IMGA-ն բջջային խաղերի նախագծման միջազգային ամենամյա մրցանակաբաշխություն է, որի ընթացքում մրցանակներ է շնորհվում բջջային խաղերի ոլորտում լավագույն նախագծման և լուծումների համար:
Հիշեցնենք, որ Shadowmatic խաղը 2015 թ. հունիսի 8-ին արժանացել էր տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարի Apple Design Award-ին: «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերության ստեղծած խաղը ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը գնահատել է յուրօրինակության, գրաֆիկական բարձր որակի և բացառիկ այլ հատկությունների համար: Բացի այդ, Shadowmatic խաղը ճանաչվել է AppStore-ի 2015թ. լավագույն խաղ (App Store Best of 2015):
Խաղը նաև այլ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ ճանաչվել տարվա լավագույն խաղ iPhone-ի համար Չինաստանում, Հնդկաստանում, Ռուսաստանում, «Լավագույն խաղեր iPhone-ի համար» մրցանակակիր դարձել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում «Տրիադա Ստուդիո»-ի ծրագրավորող Բագրատ Դաբաղյանն ասել էր. «Մենք այդ խաղը սարքելուց հասկանում էինք, որ այդքան էլ մեծ տարածում կարող է չստանալ: Ոչ բոլորը կուզեին խաղալ Shadowmatic, քանի որ այլ ոճի խաղ էր: Անհրաժեշտ է հանգիստ մոտեցում, տրամաբանություն, երևակայություն: Իրականում չէինք սպասում, որ այդքան շատ մարդկանց դուր կգա: Տարբեր տեսակի, տարբեր ազգի ու տարբեր ճաշակ ունեցող մարդիկ մեզ նամակներ են գրում, շնորհակալություն հայտնում նման խաղ ստեղծելու համար: Զարմանալի արձագանքներ ենք ստանում: Մեկ այլ ստուդիայի աշխատող մեզ ասաց, որ ինքը չի սիրում այս խաղը, բայց իր տնօրենը շատ է սիրում, հանգստանալու համար հենց Shadowmatic է խաղում: Բրազիլիայից մեկը գրել էր, որ հայրը հիշողության հետ կապված խնդիրներ ունի, այս խաղը խաղալով առողջական վիճակը լավանում է: Աուտիկ երեխաների վրա էլ դրական ազդեցություն է ունենում: Մենք չէինք սպասում նման արձագանքների: Մենք չէինք նախատեսել, պատահական է ստացվել»:
Shadowmatic-ը երևակայության վրա հիմնված գլուխկոտրուկ է, որտեղ խաղացողը պետք է պտտի, համադրի ազատ տարածության մեջ գտնվող աբստրակտ օբյեկտները և փորձի նրանց՝ պատին ընկած ստվերով ստանալ ճանաչելի պատկերների, առարկաների սիլուետներ։ Shadowmatic-ի մենյուում և ամբողջ խաղի ընթացքում օգտագործված է եռաչափ պառալաքս տեխնոլոգիան (3D parallax) զումի հնարավորությամբ։ Խաղն ընդհանուր առմամբ ունի 70 լեվել, որոնք բաժանված են 9 տարբեր միջավայրերով (սենյակներով):
Հարակից հրապարակումներ`
- AppStore-ի 2015թ. լավագույն խաղ է ճանաչվել հայկական Shadowmatic-ը
- Apple-ին ամենաշատը զարմացրել է մեր խաղի գրաֆիկայի որակը. հայկական Shadowmatic-ի ծրագրավորող (տեսանյութ)