Ստորագրված ընտրացուցակները Հայաստանում երբեք հասանելի չեն եղել. Արտակ Զեյնալյան
Սահմանադրական դատարանի որոշումը միանշանակ չի ամրագրում, որ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը հակասում է Սահմանադրությանը: Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Իրավունքի գերակայություն» ՀԿ անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
«Անտրամաբանական է, բնական իրավունքից դուրս է, որ մարդը տնից դուրս գալով և ուղևորվելով ընտրատեղամաս, ակնկալի, սպասի, որ իր քվեարկությանը մասնակցելու հանգամանքը մնալու է գաղտնի», -հայտարարեց Արտակ Զեյնալյանը:
Մասնագետի պնդմամբ, արձանագրված իրավունքը չի կարող հակասել բնական իրավունքին, հետևաբար դա հակասահմանադրական չի կարող դիտվել:
Անդրադառնալով Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներից Դավիթ Հարությունյանի այն պնդումներին, թե ստորագրված ընտրացուցակները հասանելի են կողմերի համար և ցանկացողը կարող է ստանալ դրանք, Զեյնալյանն ասաց, որ ընտրական վեճերում ցուցակներ ստանալու հարյուրավոր փորձեր են եղել, բայց որևէ կերպ չի հաջողվել գոնե մեկ տեղամասից ընտրացուցակ ստանալ:
«Այս իրավունքի իրացումն ուղղակի արգելափակված է, դա ձևական բնույթ է կրում ու ամեն ինչ արվում է, որ այդ տեսական դրույթը կյանքի չկոչվի: Այդ մասին մենք ունենք բազմաթիվ արձանագրված փաստեր ու դրանց հետևում կան դատական ակտեր», -հայտարարեց իրավապաշտպանը:
Քննարկմանը ներկա ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը նկատեց, որ քննարկումն այդ թեմայի շուրջ իր համար «անհասկանալի է», քանի որ քննարկվում է 4 տարի առաջվա ՍԴ որոշում:
«Հիմա Ընտրական օրենսգրքի նախագիծ է դրված շրջանառության մեջ, որով լուծվում է խնդիրը, քանի որ էլեկտրոնային համակարգ է ներդրվելու և պարզ է դառնալու՝ ով եկավ քվեարկության, ով չեկավ», -Զեյնալյանին արձագանքեց պատգամավորը:
Նաև տեղեկացրեց. «Նորմալ երկրներում Սահմանադրական դատարանի վճիռները չեն մեկնաբանում, վճիռը կայացված է, վերջացավ»:
Նրա խոսքով, ընտրացուցակների հրապարակմանը բազմիցս բացասական գնահատական է տվել նաև Վենետիկի հանձնաժողովը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկվող ընտրակարգը մեծամասնական չի կարող համարվել. Արմեն Ռուստամյան
- Զուրաբյանը լուծում չի համարում ընտրացուցակների վերաբերյալ նոր ԸՕ-ով ընձեռվող հնարավորությունը
- Բացեք ընտրական իրավունքի ցանկացած դասագիրք և համադրեք. Դավիթ Հարությունյան
- Ընտրատեղամասում դիտորդների ու լրագրողների թիվը սահմանափակելը արհեստական է. Դավիթ Հարությունյան
- Կուսակցությունը ԱԺ ընտրություններում կհամարվի ընտրված, եթե ստանա 53 մանդատ. Արփինե Հովհաննիսյան
- Կառավարությունը հաստատեց Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը
- Տ.Մուկուչյան. Ընտրական օրենսգրքի ընդունման համար սահմանված են հստակ ժամկետներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան