Մարտի 17-19-ին հովտային հատվածներում ակնկալվում է ցրտահարություն. Սուրենյան
Կանխատեսումների համաձայն, երեկվանից հանրապետության տարածք Սկանդինավիայից ներթափանցել են բավականին ցուրտ օդային հոսանքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Արդեն երեկ ցերեկը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում նվազել է 10-13 աստիճանով, 8-10 աստիճանով նվազելու է նաև առաջիկա գիշերը: Հովտային շրջաններում գիշերն արդեն գրանցվել է բացասական ջերմաստիճան՝ -1-ից -2 աստիճան, իսկ Երևանում եղել է 0-ից + 1 աստիճանի սահմաններում»,-տեղեկացրեց Սուրենյանը:
Նաև ասաց, որ հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղացել, նույնիսկ Սյունիքի նախալեռնային և հովտային գոտում. «Գորիսում ձյան ծածկը այս պահին հասնում է 24 սմ, Սիսիանում՝ 16, Քաջարանում՝ 7 սմ, 52 սմ ՝Ջերմուկում»:
Մասնագետը հայտնեց, որ այսօր առկա ամպամածությունը առաջիկա գիշերը զգալիորեն կնոսրանա, չնայած եղանակի լիարժեք պարզեցում հովտային գոտիներում չի կանխատեսվում, բայց համեմատության մեջ կիսով չափ կնոսրանա, ինչը կբերի լրացուցիչ ջերմաստիճանի անկման:
«Նման պայմաններում՝ այսօր գիշերը Տավուշի հովտային հատվածներում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային հատվածներում արդեն ակնկալվում է օդում 0-ից միչև 2 աստիճան ցուրտ: Տավուշի հովտային հատվածներում, Սյունիքի հատվածներում, Արարատյան դաշտում օդում 0-2 աստիճան ցուրտ է ակնկալվում»,-նշեց Սուրենյանը:
Նրա տեղեկացմամբ՝ մարտի 18-ի գիշերը օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի, այս գիշեր արդեն նշված հատվածներում օդում ակնկալվում է 2-4 աստիճան ցուրտ և նման ջերմային ֆոնը կպահպանվի 19-ի գիշերը:
«Այսինքն, երեք օր անընդհատ՝ 17-19-ը հանրապետության հովտային հատվածներում ակնկալվում է ցրտահարություն: Թե որքան ինտենսիվ կլինի այն, ամբողջությամբ կախված է ամպամածության պատկերից: Եթե մարտի 17-ի լույս 18-ի գիշերը Արարատյան դաշտում նկատվի եղանակի լիարժեք պարզեցում, ներկայացված պատկերը կարող է շատ ավելի խիստ լինել, այսինքն օդի ջերմաստիճանը հնարավոր է լինի շատ ավելի ցածր, քան այս պահին ներկայացված ցուցանիշներն են»,-ասաց Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը:
Նա նաև հավելեց, որ մարտի 20-ին հաջորդ ցիկլոնն է մոտենում հանրապետությանը և կսկսվեն տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում կտեղա ձյուն, որը կուղեկցվի բքով, տեսանելիության անկմամբ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Իսկ մարտի 21-ին կրկին կանխատեսվում է եղանակի պարզեցում: Մասնագետը այս պարագայում չբացառեց, որ հովտային շրջաններում ցրտահարությունը կկրկնվի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան