Ավելի քան 41․000 աշակերտ այսօր կմասնակցի «Կենգուրու 2016»-ին
Այսօր «Կենգուրուի» օրն է: Հայաստանի և Արցախի ավելի քան 41․000 աշակերտ 1.012 դպրոցից կմասնակցի աշխարհի հայտնի այս միջազգային մաթեմատիկական մրցույթին, որը մեր երկրում «Այբ»-ի ջանքերով անցկացվում է արդեն ութերորդ անգամ: Այս մասին հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Համաձայն «Կենգուրու առանց սահմանների» («Kangourou sans Frontières») միջազգային ընկերակցության կանոնների, «Կենգուրուի» խնդիրներն ու ճիշտ պատասխանները հրապարակվում են մրցույթից մեկ ամիս անց: Մեր երկրում դրանք կհրապարակվեն 2016 թ. ապրիլի 18-ին մրցույթի կայքում: Յուրաքանչյուր դպրոց մայիսի առաջին կեսին կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին: Նույն ամսվա երկրորդ կեսին նախատեսվում են մրցանակաբաշխություններ Հայաստանի բոլոր մարզերում և Ստեփանակերտում:
«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է, որն ամեն տարի նույն օրը անցկացվում է 63 երկրում: Մրցույթն անցկացվում է անմիջապես դպրոցներում` ներգրավելով 3-12-րդ դասարանցի բոլոր ցանկացող աշակերտներին` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Կարևորը երեխայի ցանկությունն է` փորձել իր ուժերը մաթեմատիկայում և նորովի նայել այս հետաքրքիր ու անչափ կարևոր առարկային:
Հայաստանում և Արցախում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը:
Մրցույթն անցկացվում է Հայաստանում ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:
Հայաստանում «Կենգուրու» մրցույթի կազմակերպման գործընկեր՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ:
Տեղեկատվական հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները