Ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է Էջմիածնի և Մասիսի տարածաշրջանների համայնքներում. ԳՆ
Նախնական դիտարկումների արդյունքում պարզվել է, որ ծիրանի բերքն առավել մեծ չափով վնասվել է Էջմիածնի և Մասիսի տարածաշրջանների «Զվարթնոց» օդանավակայանին հարակից համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողակտորներում: Այս մասին տեղեկացնում են ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով` Արտաշատի, Արմավիրի տարածաշրջաններում և Բաղրամյանի տարածաշրջանի ներքին հատվածներում առկա է մասնակի վնասվածություն: Արարատի տարածաշրջանում և Բաղրամյանի վերին հատվածում էական վնասներ չեն նկատվել:
Մեղրիում արձանագրվել են դրական ջերմաստիճաններ, Վայոց ձորի մարզում նկատելի կորուստներ չեն գրանցվել:
«Ինչպես նախապես կանխատեսվել էր, Արարատյան հարթավայրում և Տավուշի մարզի ցածրադիր գոտիներում մարտի 17-ի գիշերը գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ: Հարթավայրում ամենացածր ջերմաստիճանները դիտվել են Զվարթնոցի (օդում` մինչև -6, հողի մակերևույթին` -7) և Մերձավանի (-5 օդում, հողի մակերևույթին` -6) օդերևութաբանական կայաններում:
Ընդհանրացնելով մարզերից ու համայնքներից ստացված տեղեկությունները` պետք է նշել, որ այսօրվա դրությամբ դեռևս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվել: Սակայն մարտի 17-ի լույս 18-ի գիշերը (համաձայն ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» կանխատեսումների) Արարատյան դաշտում, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում օդում հնարավոր է -4... -7 աստիճան, գետնի մակերևույթին` -5... -8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը` համապատասխանաբար -2... -5 և -3... -6 աստիճան ցուրտ:
Չնայած առաջիկայում կանխատեսվող ջերմաստիճանային ռեժիմին` այնուամենայնիվ մեծ է հավանականությունը, որ առանձին տարածաշրջաններում կարող են դիտվել ավելի թույլ ցրտահարություններ, ուստի խորհուրդ է տրվում կորիզավոր պտղատու այգիներում շարունակել նախկինում առաջարկված պաշտպանական միջոցառումների իրականացումը: Սինթետիկ թաղանթների տակ աճեցվող մշակաբույսերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով օգտագործել լրացուցիչ ծածկոցներ կամ հնարավորության դեպքում կատարել ջեռուցում»,-ասված է ԳՆ հաղորդագրության մեջ: