Հայկական ավանդական լավաշը սկսում է մեծ ժողովրդականություն վայելել եվրոպական խոհանոցներում. խոհարար
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, ով ավելի քան մեկ տարի է Հայաստանում է, արդեն հասցրել է սիրել հայկական խոհանոցը, հայկական ավանդական ուտեստները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին, թե հայկական ո՞ր ուտեստներն եք հավանում, դեսպանն առաջինը նշեց թանապուրը:
«Շատ եմ սիրում հայկական խոհանոցը, կան շատ կերակրատեսակներ, որ սիրում եմ, բայց, չգիտեմ ինչու, առաջին հերթին տալիս եմ թանապուրի անունը»,- ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նա նաև նշեց, որ սիրում է միսը մանղալի վրա խորովելու տեխնիկան: Դեսպանի խոսքով, առաջիկայում դեռ կհասցնի լինել հայկական տարբեր հեռավոր վայրերում՝ ծանոթանալու և համտեսելու հայ տատիկների հեղինակած հայկական ավանդական կերակրատեսակները:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ այս պահին դեռևս չկա այնպիսի հայկական կերակրատեսակ, որ մերժած լինի, հավանած չլինի: Հայկական քաշած օղի դեսպանին դեռևս չեն առաջարկել: Ֆրանսիացի դիվանագետը թունդ ալկոհոլային խմիչքների նկատմամբ սեր չունի:
Ասուլիսին ներկա շվեյցարացի խոհարար Ռոլֆ Գրաբերը, ով աշխատում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի տարածքում գործող ռեստորանում, նշեց, որ հայկական խոհանոցը շատ գաղտնիքներ ունի, որոնք կարող է տրամադրել աշխարհին: Նրա համար բացահայտում է եղել կաթի սերը:
«Հայկական ավանդական լավաշն այսօր սկսում է մեծ ժողովրդականություն վայելել եվրոպական խոհանոցներում»,- ասաց խոհարարը: