«Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ»` ԳԱԿ-ում
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մարտի 18-ին բացվելու է գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի 75-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրություն` «Ռոբերտ Էլիբեկյան. Արտացոլումներ»: Panorama.am-ին տեղեկացրեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի միջոցառումների համակարգող Մարիա Հովսեփյանը:
Նա նշեց, որ ցուցահանդեսի շրջանակներում շուրջ երեք տասնյակ ստեղծագործությունների միջոցով կներկայացվի արվեստագետի անցած ուղին՝ սկսած 1960-ական թվականներից մինչ մեր օրերը:
Մարտի 18-20-ը ցուցադրության մուտքը կլինի անվճար:
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թվականին Թբիլիսիում։ 1960 թվականին տեղափոխվել է Երևան և 1960-1965 թթ. սովորելէ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1965 թվականից մասնակցել է հանրապետական, համամիութենական և միջազգային ցուցահանդեսներին։ «Մարիի դիմանկարը» աշխատանքով մասնակցել է «Ծաղկիր իմ հանրապետություն» ցուցահանդեսին (ՀԼԿԵՄ կենտկոմի և Հայաստանի կերպարվեստագետների միության առաջին կարգի դիպլոմ):
1970 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Ստեղծել է դեկորներ և կոստյումներ կինոյի, թատրոնի և օպերայի համար, մասնավորապես «Տրավիատա», «Պալացիո», «Գայանե», «Անտունի» և «Դոն Քիշոտ»: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են մի շարք թանգարաններում և խոշոր հավաքածուներում` Երևանի ժամանակակից արվեստի թանգարան, Մոսկվայի արևելյան արվեստի թանգարան, Ազգային պատկերասրահ, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Դեթրոյթի Ալեք Մանուկյան թանգարանում, Սպիտակ տան և Ելիսեյան պալատի հավաքածուներում: Նա ունեցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսներ Երևանում, Վիլնյուսում, Մոսկվայում, Բեյրութում և Փարիզում: