Հայաստանում այսօր նոր քաղաքական գործիչների կարիք ավելի շատ կա. Վահան Բաբայան
Ներքաղաքական զարգացումների մասին այսօր շատ գնահատականներ ու խոսակցություններ կան, ինչը պայմանավորված է նրանով, որ տարին նախընտրական է: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը՝ նշելով, որ այս տարի քաղաքական շոուների, սերիալների և այլ զարգացումների ականատեսը կլինենք:
«2017 թվականին փոփոխություններ են լինելու Հայաստանում, որոնք միտված կլինեն երկրի զարգացմանը: Այդ փոփոխություններն արդեն երևում են շատ համակարգերում», -ասաց պատգամավորը:
Օսկանյանի կուսակցություն ստեղծելը, Բաբայանը մոտ համարեց իր նշած քաղաքական սերիալին, հավելելով, որ Հայաստանում այսօր նոր քաղաքական գործիչների կարիք ավելի շատ կա:
Խոսելով Ընտրական օրենսգրքի նախագծից՝ Վահան Բաբայանն ասաց, որ դա մի փաստաթուղթ է, որը երկրի կարևորագույն օրենքներից մեկն է լինելու, այն հիմնական քայլն է լինելու, որով ժողովուրդը կստեղծի իր իշխանությունը:
«Մտավախություններ իհարկե կան, բայց անձամբ իմ համար կարևոր է, որ մեր երկրում ձևավորվում է համամասնական ընտրությունների համակարգ: Ինչ օրենք էլ ընդունվի, լինելու են մարդիկ, ովքեր քննադատելու են: Ընդդիմությունն այս փաստաթղթին մոտենում է քննադատություններով, այլ ոչ առաջարկություններով: Սակայն չեմ կասկածում, որ 2017 թվականի ընտրությունները լինելու են ավելի թափանցիկ և արդար»,-ասաց Բաբայանը:
Անդրադառնալով իր քաղաքական գործունեությանը ՝ անկուսակցական պատգամավորը փակագծերը չցանկացավ բացել. «Կլինի որոշակի ընթացք, բոլորը կիմանան իմ քայլերի և գործողությունների մասին»:
ԲՀԿ-ի մասին գնահատականներ չցանկանալով հնչեցնել, Վահան Բաբայանն ասաց, որ բազմիցս մեկնաբանել է իր հեռանալու պատճառները:
«Բոլորի համար ամեն ինչ պարզ է: Ես ունեցել եմ ներքին, քաղաքական, ռազմավարական հարցերի շուրջ իմ մոտեցումները, չեմ կիսել այն տեսակետները, որը ներկայիս ԲՀԿ-ն ունի, այստեղ ինտրիգներ փնտրել պետք չէ, ամեն մարդ ինքն է ընտրում իր ուղին»,-ավելացրեց նա: