Սերգո Կարապետյանը՝ ցրտահարության մասին
Գյուղատնտեսության նախարարությունը դեռևս չի կարող հստակ գնահատել նախորդ գիշեր հանրապետությունում գրանցված ցածր ջերմաստիճանի առաջացրած վնասները: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկից առաջ ասաց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքերով՝ այս գիշեր բացասական ջերմաստիճան է գրանցվել հիմնականում Զվարթնոցի տարածաշրջանում և հարակից համայնքներում:
«Հիմնական ցրտահարությունը գրանցվել է Զվարթնոցի, Փարաքարի տարածքներում: Այսօր ևս սպասվում են ցուրտ հոսանքներ, ակնկալվում է, որ կգրանցվի ավելի ցածր ջերմաստիճանային ռեժիմ: Հաղորդագրություն ենք տարածել, հորդորում ենք գյուղացիական տնտեսություններին, որ ծխապատումն անպայման իրականացնեն, նաև կատարեն ոռոգում: Ստեղծել ենք աշխատանքային խմբեր, որոնք կլինեն մարզերում՝ օգնելու գյուղացիներին կորուստներից խուսափելու կամ և դրանք նվազեցնելու համար: Այսօր դեռևս հնարավորություն չկա գնահատելու կորուստները, դեռ վաղ է»,- ասաց Սերգո Կարապետյանը:
Միաժամանակ, նա նշեց, որ տարբեր վայրերում ծիրանենիները դեռևս ծաղկած չեն և ցրտահարություն չի կարող լինել: Առաջիկա երկու օրերի ընթացքում նոր պարզ կլինի հստակ իրավիճակը: