Չինաստանը մտնում է Հայաստան
«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները ամրապնդվել են: Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը 2015 թվականին հասել է 330 մլն ԱՄՆ դոլարի՝ արձանագրելով տարեկան 13.9 % աճ: Այս մասին ծավալուն վերլուծությամբ տեղեկացնում են Հայաստանում Չինաստանի առևտրային ներկայացուցչությունից:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս նախաձեռնությունը Չինաստանի կողմից առաջադրված բաց և տնտեսական դիվանագիտության բարձր մակարդակի մի նախագիծ է, նոր դարաշրջանում համագործակցության զարգացմանն ու ընդհանուր բարգավաճմանն ուղղված Չինական մոդել:
«Չինական կառավարությունը առաջարկեց այսպիսի մի խոշոր համագործակցության նախաձեռնություն, որպեսզի «Մետաքսի ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում խթանի խաղաղությունն ու համագործակցությունը, հրապարակայնությունն ու հանդուրժողականությունը, փոխադարձ ուսուցումն ու փոխշահավետությունը:
«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության իրականացումը չի ուրվագծում սահմաններն ըստ գաղափարախոսության, ուղու, մոդելի և մակարդակի զարգացման կամ այլ ստանդարտների, այլ նպատակաուղղված է ձեռք բերել փոխշահավետություն ու փոխադարձ հաղթանակ քաղաքականության, առևտրի, տարադրամի շրջանառության, ենթակառուցվածքի, մշակույթի և այլ ոլորտներում փոխանակման և համագործակցության միջոցով՝ հիմնվելով փոխադարձ բանակցությունների և փոխանցման սկզբունքների վրա, հետևաբար այն համագործակցության բաց և ընդգրկուն նախաձեռնություն է: Այսպիսով, «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը Չինաստանի նախագիծն է, որը նպատակաուղղված է համաշխարհային համագործակցությանը և կայուն զարգացմանը:
2013 թվականից Չինաստանի՝ ներմուծվող ու արտահանվող ապրանքների առևտուրը, ինչպես նաև արտահանման ծավալը եղել են լավագույնը, 2015 թվականը նույնպես բացառություն չէ: Առցանց մանրածախ վաճառքի ծավալը պահպանել է առաջին տեղն աշխարհում, սպառողական ապրանքների մանրածախ վաճառքի ընդհանուր ծավալն ու ծառայությունների ոլորտում ներկրման և արտահանման ծավալը իր կայուն երկրորդ տեղն են զբաղեցրել աշխարհում, օտարերկրյա ներդրումները (126.27 մլդ. ԱՄՆ դոլար) զբաղեցրել են առաջին հորիզոնականը զարգացող երկրների շարքում 24 տարի անընդմեջ, իսկ արտերկրյա ներդրումները (118.02 մլդ. ԱՄՆ դոլար)՝ երրորդ հորիզոնականն աշխարհում:
Երկու տարիների ընթացքում այս նախաձեռնությունը ստացել է ավելի ու ավելի մեծ արձագանք, ուշադրություն և բուռն բանավեճերի առիթ է հանդիսացել, և նույնիսկ որոշ համաշխարհային ճանաչում ունեցող հետազոտական ինստիտուտներ սկսել են ուսումնասիրել «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության իրականացման գործընթացը, քանի որ նրանք ցանկանում են պարզել այն ազդեցությունը, որը վերջինս կունենա համաշխարհային համագործակցության և զարգացման վրա: Վերջերս ավելի քան 60 երկիր դրական արձագանք են տվել այս նախաձեռնությանը, իսկ որոշ երկրներ իրականացրել են ռազմավարական միավորումներ Չինաստանի հետ և առաջ են քաշել համագործակցության կոնկրետ գաղափարներ: «Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը Չինաստանի «մեներգը» չէ, այն բոլոր երկրներից կազմված «երգչախումբ» է:
Չինաստանի արտաքին առևտուրն ու տնտեսական համագործակցության ոլորտները դրական առաջընթաց են կատարել: Չինաստանը հիմնել է 75 արտերկրյա տնտեսական և առևտրային համագործակցության գոտիներ աշխարհում, ինչպես օրինակ Պակիստանում, Շրի Լանկայում, Բելառուսում, Թաիլանդում, Եգիպտոսում, Քենիայում և այլուր, որոնք ստեղծել են բազում աշխատատեղեր և նպաստել են եկամտահարկերի ծավալի ավելացմանը տվյալ երկրում: Ըստ վիճակագրության, Չինական ֆինանսավորմամբ տարբեր արտերկրյա ընկերություններ վճարել են ավելի քան 100 մլդ. ԱՄՆ դոլար հարկեր այն երկրին, որտեղ ներդրումներ են կատարել: 2015 թվականի վերջին Չինական ֆինանսավորմամբ արտերկրյա ընկերությունները աշխատանքով են ապահովել ավելի քան 900 օտարերկրյա աշխատակիցների:
«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության շրջանակներում Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները ամրապնդվել են, իսկ գործնական համագործակցությունը տնտեսության և առևտրի ոլորտներում դրական առաջընթաց է արձանագրել 2015 թվականին: Համաձայն Չինաստանի Մաքսային ծառայության տվյալների, Չինաստանի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի ծավալը 2015 թվականին հասել է 330 մլն ԱՄՆ դոլարի՝ արձանագրելով տարեկան 13.9 % աճ, որից Չինաստանից Հայաստան արտահանումների ծավալը կազմել է 114 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով նվազելով 7.5 %-ով, մինչ Հայաստանից կատարված ներկրումները Չինաստան կազմել են 217 մլն ԱՄՆ դոլար՝ տարեկան կտրվածքով ավելանալով 29.5 %-ով: 2009 թվականից Չինաստանը եղել է Հայաստանի երկրորդ ամենամեծ գործընկերը: Չինաստանից Հայաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են՝ բջջային և ֆիքսված կապի սարքավորումներ, համակարգիչներ, պողպատ, կաշի, մորթեղեն, կահույք և այլն, իսկ Հայաստանից Չինաստան արտահանվող հիմնական ապրանքատեսակներն են ՝ պղինձ և պղնձի խտանյութ, ալկոհոլային և ադամանդե արտադրանք և այլն:
2015 թվականին «SINOHYDRO Corporation Limited» ընկերությունը հաղթեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» Տրանշ-3-ի «Լանջիկ-Գյումրի» ճանապարահատվածի մրցույթում: Չինական ընկերություններն ակտիվորեն մասնակցում են Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական իրագործելիության նախնական ուսումնասիրություններում, ինչպես նաև հայկական կողմի հետ համակարգում են պղնձի, ցեմենտի և ապակու արտադրությունն՝ այս ոլորտներում ներդրումային համագործակցությունն ամրապնդելու համար:
Չինաստանի և Հայաստանի միջև տեխնիկական համագործակցության նախագծերը նոր առաջընթաց են գրանցել: Չինական կառավարության կողմից տրամադրված հանրային ավտոբուսներն ու շտապօգնության ավտոմեքենաները թեթևացրել են ամենօրյա ուղևորափոխադրումներն ու շտապ բժշկական ծառայությունների ապահովումը հայ ազգի համար, շուտով կսկսվեն Երևանի Չինարեն լեզվի դպրոցի շինարարական աշխատանքները, որը անփոխարինելի հարթակ կհանդիսանա Հայաստանում չինարեն լեզվի ուսումնասիրության և չինական մշակույթի փոխանակման համար: Հայաստանի Հանրային Հեռուսաընկերության հետ համատեղ իրականացվող Տեխնոլոգիական Արդիականացման Նախագիծը գրեթե ավարտվում է, որը տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանին՝ HD թվային հեռարձակմանն անցում կատարելու համար: Սահուն իրականացվել է նաև Հայաստանի Մաքսային Կառավարման, Տեխնոլոգիաների և Սարքավորումների Արդիականացման Ծրագիրը, որը կնպաստի մաքսազերծման և մանքսանենգության դեմ պայքարի արդյունավետության մակարդակի բարձրացմանը, իսկ Մարդկային Ռեսուրսների ուսուցողական ծրագրերը հնարավորություններ են ընձեռել գրեթե 200 հայ մասնակիցների ամեն տարի հաճախել կարճաժամկետ սեմինարների Չինաստանում:
«Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնությունը նոր խթան է Հայաստանի և Չինաստանի միջև գործարար համագործակցության խորացման համար, որը ամուր հիմք է ստեղծում երկկողմ բարեկամական հարաբերությունների համագործակցության առողջ և արագ զարգացման համար, և նպաստում է համաշխարհային տնտեսության բարգավաճմանն ու զարգացմանը»,-ասված է Հայաստանում Չինաստանի առևտրային ներկայացուցչության վերլուծականում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան