Հույս ունենք, որ գազի գները նվազելու են. Լևոն Յոլյան
Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:
«Աշխատանքային առողջ մթնոլորտում քննարկումներ են գնում: Երբ մեկն ինչ-որ մի բան է վաճառում, մյուսը գնում է, մեկը շահագրգռված է մաքսիմալ իջեցնել, մյուսը՝ ինչ-որ չափով իր շահերը ներկայացնել: Սա շահերի բախման խնդիր է, որը քննարկվում է»,- ասաց նախարարը:
Հարցին, թե գազի համար գործող 165 դոլար սակագինը նախատեսված է մինչև ապրիլ, դրանից հետո ի՞նչ է սպասվում, Լևոն Յոլյանը պատասխանեց, որ հույս ունեն՝ դրանից հետո գները կնվազեն:
«Այսօրվա դրությամբ ռուսական կողմի հետ բանակցությունները ընթանում են այն ուղղությամբ, որ Հայաստանը հնարավորություն ունենա սակագներն իջեցնել ոչ թե սահմանին, այլ բնակիչների համար»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ի վերջո, Հայաստանի տարածքով իրանական գազը հոսելո՞ւ է Վրաստան, թե՞ ոչ, Լևոն Յոլյանը պատասխանեց. «2015թ. դեկտեմբերին հանդիպում է եղել, ապրիլի 11-13-ը նախատեսվում է արդեն չորս՝ Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի նախարարների մակարդակով հանդիպում Վրաստանում, որը վերջնականապես կճշտի: Նորից գնում են բավական ակտիվ աշխատանքներ՝ Հայաստանի տարածքը, էներգետիկան ավելի ակտիվ ներգրավվելու տարածքային բոլոր խնդիրներում»: