Մենք պատրաստ ենք այս լավ ծրագրի համար այդ լրացուցիչ ֆինանսական բեռը վերցնել մեզ վրա. Հովիկ Աբրահամյան
Կառավարության այսօրվա նիստում «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում իրականացվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է առավել մեծ թվով երիտասարդ ընտանիքների ներգրավել ծրագրում, ովքեր ունեն բնակարանային պայմանների բարելավման կարիք: Այս մասին գործադիրի նիստում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ այն կարող է նպաստել ժողովրդագրական խնդիրների լուծմանը։
«Փոփոխություններով ավելացվել է ծրագրի պոտենցիալ շահառու երիտասարդների տարիքային սահմանափակման առավելագույն շեմը. երիտասարդ ամուսինների տարիքը սահմանվել է 18-35՝ ներկայիս 18-30-ի փոխարեն, և ամուսինների առավելագույն գումարային տարիքը սահմանվել է 65՝ ներկայիս 60-ի փոխարեն»,-ասաց Դավիթ Հարությունյանն՝ հավելելով, որ ավելացվել է ծրագրի ներքո ձեռք բերվող բնակարանների առավելագույն արժեքը, մասնավորապես, սահմանելով այն 25 միլիոն դրամ՝ ներկայիս 16 միլիոնի փոխարեն:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ դա ծրագրի շահառու երիտասարդ ընտանիքներին հնարավորություն կընձեռի ունենալ բնակարանի ընտրության ավելի մեծ հնարավորություն:
Ավելացվել է նաև ծրագրի ներքո ձեռք բերվելիք բնակարանների համար տրամադրվող հիփոթեքային վարկերի առավելագույն գումարը, մասնավորապես, սահմանելով այն 17,5 միլիոն դրամ՝ ներկայիս 11,2 միլիոնի փոխարեն:
«Երևանում ևս տրամադրվող հիփոթեքային վարկերի կանխավճարի նվազագույն չափը սահմանվել է ձեռք բերվող բնակելի տան կամ բնակարանի արժեքի առնվազն 10 %-ը՝ նախկին 20-30 %-ի դիմաց: Ծրագրի շրջանակում պետությունը սուբսիդավորում է երիտասարդ ընտանիքի բնակարանի ձեռք բերման վարկի տոկոսդրույքը, ինչի արդյունքում Երևանում բնակարանների համար վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է 89 %, իսկ մարզերում՝ 67%»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Արձագանքելով Դավիթ Հարությունյանին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց. «Իրոք, լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջանում պետության վրա, բայց մենք պատրաստ ենք այս լավ ծրագրի համար այդ ֆինանսական բեռը վերցնել մեզ վրա»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագիրը դեռևս քննարկումների փուլում է, սակայն «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրում փոփոխված տարբերակը Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրում ներառված բաղադրիչներից մեկն է:
Հարցին, թե երբ կհաստատվի ոչ երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարան ձեռք բերելու ծրագիրը, Արտեմ Ասատրյանն ասաց, որ դա Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի ներքո քննարկվելիք հարցերի շրջանակներում է: Նա ասաց, որ ծրագիրը դեռևս գտնվում է քննարկման փուլում և առաջիկայում նախատեսվում է ներկայացնել կառավարության քննարկմանը: