Ի պատասխան Ադրբեջանի՝ Իրանը պատրաստվում է ճոկան մարզախաղը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել իր անվանը
«Իրանը նախապատրաստվում է ճոկան (Polo) մարզախաղը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել իր անվանը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ 2013թ. իրանական ճոկան մարզախաղը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցվեց Ադրբեջանի անվանը, որը հարուցեց իրանցի պետական պաշտոնյաների և մտավորականների զայրութը:
«ԻՌՆԱ»-ի փոխանցմամբ՝ ԻԻՀ փոխնախագահ, Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռքի աշխատանքների կազմակերպության նախագահ Մասուդ Սոլթանի Ֆարը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ում ճոկանի գրանցման հարցին, մասնավորապես նշել է. «Մի քանի տարի առաջ Իրանը մի քանի երկրների հետ համատեղ Նովրուզը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցեց որպես ընդհանուր մշակութային ժառանգություն, այժմ էլ նպատակ ունենք նույն կերպ ճոկանը գրանցել, և դրա գրանցման փաթեթը պատրաստում ենք, որ ներկայացնենք ՅՈՒՆԵՍԿՕ»:
Շարունակելով խոսքը՝ իրանցի պաշտոնյան հավելել է. «Գոյություն ունի մեկ «աշխարհագրական Իրան» և մեկ «մշակութային Իրան»: Բազմաթիվ երկրներ նմանություն ունեն «մշակութային Իրանին», նույնիսկ դարեր առաջ նրանք Իրանի մաս են կազմել»:
Նկատենք, որ մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ըստ իրանական կողմի՝ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ յուրացնում է նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը», «Կասպիական ձին»:
2015թ. նոյեմբերին Ադրբեջանական Հանրապետությունը «Միլան-էքսպո 2015» ցուցահանդեսի ժամանակ պատկերազարդ գիրք էր ցուցադրել, որտեղ իրանական մանրանկարչության արվեստի նմուշները ներկայացվում են որպես ադրբեջանական:
Ավելի վաղ Ադրբեջանի պատմության թանգարանը Ղաջարների դինաստիայի թագաժառանգ Աբբաս Միրզայի՝ Նախիջևանի խանին 1812թ. Ասլանդուզի ճակատամարտի ժամանակ ի նշան գնահատանքի նվիրաբերած պատմական դրոշը փորձում է ներկայացնել որպես Ադրբեջանի պատմական ժառանգության նմուշ: