Մատաղիսի գործով նոր քննությունը կաթվածահար վիճակում է. Հայկ Ալումյան
Մատաղիսի գործով Վերաքննիչ դատարանի հայտնի որոշումից հետո, երբ ցմահ ազատազրկման պատիժը փոխվեց և տղաներն արդարացվեցին, գործն ուղարկվել է Շիրակի մարզային քննչական բաժին նոր քննության:
Սպանված զինծառայողներից մեկի՝ Մովսես Մկրտումյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանի համար տարակուսելի է՝ ինչու է քրեական գործն ուղարկվել Շիրակի մարզային վարչություն, այն դեպքում, երբ մինչ այդ այս քրեական գործով զբաղվել են հատուկ կարևորագույն գործերով քննիչները:
«Բայց հիմա, երբ գործը ավելի խճճվել է ու շատ ավելի բարդացել, փոխարենն այդ նույն մակարդակով քննությունն իրականացվեր, ուղարկել են Գյումրու մի կորած բաժին: Չեմ ուզում այնտեղ որևէ մեկին վիրավորել, գուցե շատ լավ մասնագետներ են աշխատում, բայց տարօրինակ է այն, որ հիմա պետք է շատ ավելի լուրջ քննություն գնա ու ավելի մեծ ուժեր ներդրվեն, որ իրական մարդասպանները գտնվեն: Տանել գործը այնտեղ, մոռացության ենթարկել ու կաթվածահար վիճակում գցել, ողջամիտ բացատրություն չեմ տեսնում», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանի համար նման վիճակը հիմք է տալիս եզրակացնել, որ միգուցե կան մարդիկ, որոնց անհրաժեշտ է, որ այս գործով այդպես էլ իրական կատարողները չհայտնաբերվեն և այն այդպես էլ մնա այդ վիճակում՝ չբացահայտված:
«Մատաղիսի գործով իսկական կատարողները ի վերջո պետք է մի օր հայտնաբերվեն, բայց ես ցավով եմ ասում քննությունը շատ լուրջ թերանում է հիմա», -նկատեց նա:
Հարցին, թե հնարավո՞ր է միջնորդություն ներկայացնեն գործի քննությունը Երևան տեղափոխելու մասին, Ալումյանը պատասխանեց, որ ներկայացրել են, բայց մերժվել է:
«Սա շարքային գործ չէ, սա զորամասում տեղի ունեցած հայհոյանք կամ ծեծկռտուք չէ, սա սպանություն է, որ կատարվել է զորամասում», -հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք` 2003-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի երեք զինծառայողներ` Արայիկ Զալյանը (նա հիմա փաստաբան է-հեղ.), Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը մեղադրվում էին իրենց ծառայակիցներ Մովսես Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության մեջ։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2005 թվականի մայիսի 13-ին տղաներին 15 տարվա ազատազրկման դատապարտեց` իրենց ծառայակիցներին սպանելու մեղադրանքով:
Սակայն 2006 թվականի մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանը պատիժը փոխել էր ցմահ ազատազրկման, սակայն 2006 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել էր վերաքննության և պահանջել ազատել մեղադրյալներին: Եվ միայն 4.5 տարի անց` 2012-ի դեկտեմբերին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդներին՝ անմեղ ճանաչելով Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին: Իսկ զինծառայողների սպանության գործն ուղարկվել էր առանձին քննության:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան