ԵԺԿ գագաթաժողովի մասնակիցները կքննարկեն տնտեսական առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները
Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Այն վարում է ԵԺԿ Նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկն ու Ժան-Քլոդ Յունկերը, ԵՄ անդամ և Արևելյան գործընկերներ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:
Նախատեսվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն տնտեսական առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները, կանդրադառնան միջազգային արդի մարտահրավերներին, այդ թվում` սիրիական ճգնաժամին, Եվրոպայում լուրջ մարտահրավեր դարձած փախստականների խնդիրներին, ԵՄ անդամ պետություններում քաղաքական իրավիճակին և ԵՄ հարևանության քաղաքականությանը վերաբերող հարցերին: