Սուրենյան. Արարատյան դաշտում գրանցվել են ցրտահարություններ
Ըստ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալների, այս գիշեր հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում գրանցվել են ցրտահարություններ: Օդի նվազագույն ջերմաստիճանը լուսադեմին ունեցել է հետևյալ ցուցանիշները, Արմավիրում -2, Մերձավանում -5, Արտաշատում -2, Արարատում -0,5, Ուրցաձորում -3, Աշտարակում -3, Երևանում -2…-4, Արենիում -1, Բագրատաշենում -2, Իջևանում -2 աստիճան ցուրտ: Այս մասին հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա ներկայացմամբ, բացառություն են կազմել Սյունիքի հովիտները որտեղ խիտ ամպամածության արդյունքում բացասական ջերմաստիճան չի գրանցվել, Կապանում օդի ջերմաստիճանը եղել է +1, Մեղրիում +2 աստիճան տաք:
Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության տարածքին մոտենում է հզոր անտիցիկլոն, անտիցիկլոնի պայմաններում ակնկալվում է եղանակի լիարժեք պարզեցում, որի արդյունքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի նվազում ևս 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -4...-7, հողի մակերևույթին -5...-8 աստիճան ցուրտ: Բացասական ջերմաստիճանը կպահպանվի նաև մարտի 19-ի գիշերը Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում օդում սպասվում է -2...-5, հողի մակերևույթին -3...-6 աստիճան ցուրտ:
«Մարտի 20-ին հանրապետության տարածքին մոտենում է հաջորդ ցիկլոնը, հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում կտեղա ձյուն, հովտային գոտիներում անձրև և ձնախառն անձրև, մարտի 21-ին տեղումները կդադարեն»,-նշել է Սուրենյանը:
Գյուղատնտեսության նախարարությունից Panorama.am-ին ասացին, որ ավելի ուշ կկարողանան ցրտահարությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել:
«Այժմ ստացված տվյալներն ամփոփում ենք»,-ասաց ԳՆ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը:
Հարակից հրապարակումներ`
- Որ ժամերից է պետք ծխահարել այգիները՝ ցրտահարության վտանգը մեղմացնելու համար
- Մարտի 17-19-ին հովտային հատվածներում ակնկալվում է ցրտահարություն. Սուրենյան
- Ուշադրություն. Այգիները ցրտահարությունից պաշտպանելու համար նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս
- Փոխնախարար. Մինչև ապրիլի 25-ը ցրտահարության վտանգը պահպանվում է