«Ֆրանսիայի համը»՝ Հայաստանում
Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը մարտի 21-ին կմիանա Goût de France / Good France միջոցառմանը, որը թարգմանաբար նշանակում է «Ֆրանսիայի համը»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ միջոցառումը նպատակ ունի արժանին մատուցել ֆրանսիական խոհանոցին, նրա նորարարական հնարավորություններին և այն արժեքներին, որ նա տարածում է:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և գլխավոր խոհարար Ալեն Դյուկասի նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառումը այս տարի կհամախմբի 5 մայրցամաքի ավելի քան 1500 ավագ խոհարարի՝ տոնելու ֆրանսիական գաստրոնոմիական արվեստը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում այդ օրը կկազմակերպվի գալա ընթրիք: Ըստ դեսպանի, կհրավիրվեն պաշտոնատար անձիք: Բացի այդ, Հայաստանում միջոցառմանը կմիանա 7 ռեստորան (երևանյան 6 ռեստորան, 1 ռեստորան՝ Գյումրի), որոնք կառաջարկեն ֆրանսիական ճաշացանկ: ՀՀ-ում միջոցառումը կընթանա մարտի 21-27-ը:
Դեսպանն ասաց, որ մարտի 21-ին աշխարհում ամեն տեղ նույն ժամին, եթե, իհարկե, ժամային գոտիները թույլ տան, Ֆրանսիայի դեսպանատներում, հյուպատոսարաններում կմատուցվի ավանդական ընթրիք:
Միջոցառման շրջանակում մարտի 22-ին Երևանում «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացվի «Ելիսեյան պալատի համադամ ուտեստները» ֆիլմը (մուտքն ազատ է, ֆիլմը կցուցադրվի ռուսերեն թարգմանությամբ): Ներշնչված Ֆրանսիայի նախագահ Միտերանի նախկին խոհարար Դանիել Մազե-Դելպյոշի կյանքի պատմությամբ, այս ֆիլմը հանդիսատեսին տանում է Ելիսեյան պալատի խոհանոցի կուլիսներ:
Լուսանկարներն՝ այստեղ: