Ցրտահարության հետևանքով հնարավոր կորուստները մեղմելու նպատակով վարչապետը հանձնարարել է ջուր մատակարարել բոլոր հողօգտագործողներին
Ցրտահարության հետևանքով հնարավոր կորուստները կանխելու, մեղմելու նպատակով Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ջուր մատակարարել բոլոր այն հողօգտագործողներին, ովքեր կդիմեն:
Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց նաև համապատասխան որոշում՝
գետերի և հեղեղատարների ուսումնասիրված տեղամասերով 2016թ. գարնանային կանխատեսվող հեղեղումների անվտանգ անցկացումն ապահովելու, ինչպես նաև ոռոգման ծառայություններ մատուցող ջրօգտագործողների ընկերություններում ընթացիկ ֆինանսական ճեղքվածքը մարելու և ջրօգտագործողների ընկերությունների ֆինանսական կայունություն ապահովելու նպատակով:
Ըստ հիմնավորման՝ 2016թ. ձմռան ամիսներին հանրապետության գետավազաններում կուտակվել է բավական քանակությամբ ձյան պաշար և մարտ-մայիս ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու հորդառատ անձրևների պարագայում՝ գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման և մաքրման աշխատանքներ չիրականացնելու դեպքում, ինտենսիվ սելավների ու հեղեղումների աղետաբեր ներգործությունը կարող է հանգեցնել հսկայական նյութական վնասների: Ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբն ուսումնասիրել է գետերի և հեղեղատարների հեղեղավտանգ տեղամասերն ու ներկայացրել առաջարկություն՝ առաջնահերթ հակահեղեղային միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Հաշվի առնելով ֆինանսական միջոցների սղությունը՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Արաքս գետի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից ընտրվել և ՀՀ վարչապետի հետ համաձայնեցվել է հրատապ իրականացման ենթակա հակահեղեղային միջոցառումների ցանկը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին՝ հետևել հակահեղեղային միջոցառումների ծրագրի իրականացման բոլոր գործընթացներին և արագ լուծում տալ այդ խնդիրներին: