ԲՀԿ-ն չի միանա ՀԱԿ-ի նախաձեռնած միասնական պլատֆորմին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է չմիանալ Ընտրական օրենսգրքի շուրջ ընդդիմության ձևավորած միասնական պլատֆորմին: Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն կմիանա ՀԱԿ-ի նախաձեռնած միասնական պլատֆորմին:
«ԲՀԿ-ում հարցը քննարկվել է, գրեթե բոլոր առաջարկները, որոնք ներկայացված են նաև մեր փաթեթում ներառված են և ունենալով նախկին փորձը, ԲՀԿ-ն որոշել է որևէ երկյակ, եռյակ, պլատֆորմ-ֆորմատներով հանդես չգալ: Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ միասին պաշտպանել առաջարկները»,-հայտարարեց տիկին Զոհրաբյանը:
Նրա խոսքով, նման պլատֆորմները կաշկանդում են իրենց, հետևաբար առաջիկայում իրենք հեռու կմնան կաշկանդող միավորումներից:
Փոխարենը, ԲՀԿ-ն մեծաթիվ առաջարկների փաթեթ է ներկայացնում Ընտրական օրենսգրքի նախագծում ընդգրկելու համար: Զոհրաբյանն ասաց, որ իրենց մտահոգող շատ հարցեր կան նախագծում, որոնցից է, օրինակ, ընտրատեղամասերում լրագրողների թվի սահմանափակումը:
«Հույս ունենք այդ նախաձեռնության հեղինակները հետ կկանգնեն այդ դրույթից»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան