«Երևանյան հեռանկարներ». Հայաստան է գալու աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիները
«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնն արդեն 15 տարի է Հայաստան է հրավիրում աշխարհահռչակ երաժիշտների, աշխարհի ամենահեղինակավոր բեմերում հանդես եկած նվագախմբերի ու երգչախմբերի: Այս տարի ևս փառատոնը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ հրավիրել միայն լավագույններին, որոնց ներկայությունը ցանկացած երկրում և ցանկացած համերգասրահում արդեն տոն է՝ երաժշտական տոն:
Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ «Երևանյան հեռանկարներ» միջազգային 16-րդ փառատոնի այս տարվա առաջին համերգը կկայանա ապրիլին:
«2015-ին մենք իրականացրեցինք «Քեզ հետ, Հայաստան» խորագրով համերգների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս տարվա առաջին համերգին հրավիրել ենք այդ շարքի մասնակիցներից Էստոնիայի պետական տղամարդկանց երգչախմբին, որն ապրիլի 24-ին հայ հանդիսատեսի համար հանդես կգա վեհաշուք ծրագրով: Նախատեսել ենք, որ համերգը կայանալու է Երևանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում»,- տեղեկացրեց նա:
Ս.Հովհաննիսյանի խոսքով, այս տարի փառատոնի շրջանակում անդրադարձ կլինի նաև փառատոնի 15-ամյա հոբելյանին, քանի որ 2015-ին բոլոր համերգները նվիրված են եղել Հայոց ցեղասպանությանը: Ըստ նրա, հոբելյանական համերգին կմասնակցեն մեկ տասնյակից ավելի երաժիշտներ, օտարերկրյա հյուրեր, մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ՝ անդրադառնալով այս ամբողջ տարիների ընթացքում փառատոնի՝ մշակութային դիվանագիտության և այլ ասպարեզներում ցուցաբերած ծառայություններին:
Փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալու աշխարհահռչակ ռուս դաշնակահար Միխայիլ Պլետնյովը, անգլիացի ջութակահար Նայջլ Քենեդին, անգլիական The King's Singers վոկալ խումբը, որը, Ս. Հարությունյանի խոսքով, հայտնի է օքսֆորդյան ամենահին ավանդույթներով: Փառատոնի կազմակերպիչներին հաջողվել է Հայաստան հրավիրել աշխարհի լավագույն նվագախմբերից՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբին անգլիական Մոնտեվերդի երգչախմբի հետ՝ աշխարհահռչակ դիրիժոր սըր Ջոն Էլիոտ Գարդիների ղեկավարությամբ, լավագույն քառյակներից՝ ավստրիական The Hagen Quartet -ը:
Ս. Հովհաննիսյանի խոսքով, շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել Բյուրականի ակադեմիան, որտեղ վարպեության դասեր են անցկացնելու հանրահայտ երաժիշտներ՝ բարիտոն Վլադիմիր Չերնովը, ալտահար և դիրիժոր Յուրի Բաշմետը, դաշնակահար Բորիս Բերեզովսկին և ուրիշներ: