Ռուսական ընկերությունները դադարեցրել են նավթի արտահանումը Բելառուս
Ռուսական որոշ ընկերություններ դադարեցրել են նավթամթերքի արտահանումը Բելառուս: Այս մասին «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետի մամուլի քարտուղար Ալիայա Սամիգուլինան:
«Հարցը քննարկվել է ՋԷԿ-երի հարցերով կառավարական հանձնաժողովում, որը ղեկավարում է Դվորկովիչը։ Հանձնաժողովը որոշել է նման հանձնարարական տալ։ Որոշ ընկերություններ դեռ մինչև նիստը դադարեցրել էին մատակարարումները»,- նշել է Սամիգուլինան:
Ինչպես նշվում է, ռուսական կողմը պատճառների թվում մատնանշում է այն հանգամանքը, որ Բելառուսը խախտել է կնքված պայմանագրի դրույթները, ըստ որի, Ռուսաստանի մատակարարած նավթի դիմաց Բելառուսը պարտավորվել է բենզին մատակարարել Ռուսաստանին, սակայն վերջին շրջանում չի իրականացրել սույն պայմանավորվածությունները՝ չապահովելով մատակարարման անհրաժեշտ ծավալներ:
Խոսվում է այն մասին, որ Բելառուսին ներկա փուլում ավելի շահեկան է բենզինը եվրոյով վաճառել ԵՄ երկրներին, քան անկում ապրող ռուբլով այն վաճառել ռուսներին, այդ իսկ պատճառով էլ Բելառուսը խախտել է պայմանավորվածությունները:
Ի պատասխան Բելառուսի այս քայլերի՝ ռուսական կողմը դադարեցնում է նավթի մատակարարումը, որը էներգետիկ հարցերով փորձագետ Իգոր Յուշկովի խոսքով, զգալի վնասներ կհասցնի Բելառուսին, քանզի, Ռուսաստանից մատակարարումների դադարեցման արդյունքում իր ունեցած նավթամթերքը եվրոյով վաճառելու և մեծ եկամուտներ ստանալու փոխարեն Բելառուսը արդեն ստիպված կլինի այն պահել ներքին սպառման դեֆիցիտի հարցերը լուծելու համար: