Այս կենտրոնը թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի ԱԻ նախարարություններին համատեղել ուժերը. Վլադիմիր Պուչկով
Տարածաշրջանում նման կենտրոն չկա, սա առաջինն: Այսօր Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն՝ ընդգծելով, որ սա մեծ նվաճում և քայլ է առաջ:
Կենտրոնի բացման արարողության ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ՌԴ արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի անդամ 34-րդ պետությունն ենք: Ռուս-հայկական հումանիտար կենտրոնն այստեղ կծառայի և՛ Հայաստանի Հանրապետության համար, և՛ այն երկրների համար, ովքեր մեր օգնությունը կխնդրեն: Սա առաջին քայլն է, մեծ ներդրումներ են լինելու: Սա դեռ սկիզբն է, մենք գնալու ենք առաջ»,-շեշտեց նախարարը:
ՌԴ արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարար Վլադիմիր Պուչկովն էլ նշեց, որ այս կենտրոնի ստեղծման նպատակ է հանդիսացել Հայաստանի և Ռուսաստանի՝ հումանիտար նախագծերում փոխգործակցությունը:
«Այսօր մենք Երևանում կարևոր իրադարձության ենք մասնակցում: Սա շատ կարևոր քայլ է, որը թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի ԱԻ նախարարություններին համատեղել ուժերը, կոորդինացնել համատեղ քայլերը և իրականացնել նորագույն մշակումներ»,-ասաց նա:
ՌԴ նախարարի խոսքով՝ բացի սրանից հայ և ռուս փրկարարների փոխգործակցությունը կնպաստի տարբեր ստորաբաժանումների աշխատանքների մակարդակի բարձրացմանը:
«Ես հրավիրել եմ հայ փրկարարներին, որ նրանք աշխատեն Ռուսաստանի ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում, առաջարկում եմ նաև իմ կոլեգային մեկ օրով փոխվել՝ աշխատել ՌԴ ԱԻ նախարար, իսկ էլ մեկ օրով Հայաստանում նախարար կլինեմ»,-կատակով ասաց Վլադիմիր Պուչկովը:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Այն կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:
Կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ոչ միայն «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով, այլև` համապատասխանում է «ՀԱՊԿ շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման» ծրագրին և ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման միջազգային ռազմավարությանը: Կենտրոնի հիմնումը նպատակ ունի նաև զարգացնել ՀԱՊԿ անդամ պետությունների` արտակարգ իրավիճակներին հավաքական արձագանքման կարողությունները:
Կենտրոնի գործառույթներն են`
մասնակցություն արտակարգ իրավիճակների կանխարգելմանը և վերացմանն ուղղված միջոցառումներին` ներառյալ հրդեհաշիջման աշխատանքների իրականացում,
արտակարգ իրավիճակներից տուժած բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնության ցուցաբերում,
ՀՀ և այլ երկրների տարածքներում համատեղ նախագծերի և ծրագրերի իրականացում,
մասնագետների պատրաստում և մարդասիրական ականազերծման նախագծերի իրականացում,
արտակարգ իրավիճակների կանխման և վերացման բնագավառում մասնագետների ուսուցում և որակավորման բարձրացում,
ժամանակակից հրշեջ-փրկարարական միջոցների և տեխնոլոգիաների փորձարկումների իրականացում:
ԱԻ նախարարությունը կենտրոնի տեղակայման համար հատկացրել է Կոտայքի մարզի Գետարգել համայնքի վարչական տարածքում գտնվող 17.5 հա մակերեով տարածք: Կենտրոնի ստեղծման նպատակով ռուսական կողմի ներդրումը 2016-2018 թթ. համար կազմում է 34 մլն ԱՄՆ դոլար և իրականացվելու է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության միջոցով: