Երիտասարդական նվագախումբը «Ալ Բուստանում» կատարել է Բեռլիոզի, Վյենյավսկու, Էլգարի ստեղծագործությունները
Բեյրութում անցկացվող «Ալ Բուստան» միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ է ունեցել Էմիլ Բուստանի համերգասրահում։
Համերգի առաջին բաժնում հնչել է Հեկտոր Բեռլիոզի «Լիր արքա» նախերգանքը, ապա հանրահռչակ ջութակահար Լետիսիա Մորենոյի կատարմամբ՝ Վյենյավսկու Ջութակի թիվ 2 կոնցերտը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայության հաղորդմամբ, համերգային ծրագրի երկրորդ բաժնում փառատոնի գեղարվեստական ղեկավար Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կատարել է Էլգարի «Ֆալստաֆ» սիմֆոնիկ ստեղծագործությունը:
«Ալ Բուստան» հեղինակավոր փառատոնը հիմնադրվել է 1994 թվականին։ Այն Եվրոպական փառատոների ասոցիացիայի անդամ է։ Մինչև օրս աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 4 000 արվեստագետներ են հրավիրվել՝ մասնակցելու երաժշտական այս տոնին: «Ալ Բուստանը» բազմաժանր է, ամեն տարի այստեղ ներկայացվում է հարուստ երաժշտական ծրագիր, որում ներառվում են նվագախմբային, երգչախմբային համերգներ, պարային ելույթներ և այլն։ Փառատոնի շրջանակներում, որպես կանոն, կազմակերպվում են նաև վարպետության դասեր, սեմինարներ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս «Ալ Բուստան» միջազգային փառատոնում որպես պաշտոնական նվագախումբ։ Երիտասարդականը «Ալ Բուստան» փառատոնին է մասնակցում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել ՄՏՍ-ը։