Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը բարդ փուլում է. Քաղաքագետ
«Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ սադրանքների է գնում՝ փորձելով անընդհատ լարված պահել իրավիճակն առաջնագծում»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով սահմանին վերջին շրջանում ստեղծված իրավիճակը:
«Ճիշտ է՝ այս փուլում ականանետեր, նռնականետեր (օրեր առաջ նույնիսկ ծանր հրետանի կիրառվեց) կիրառվում են, սակայն 2015-ի աշնանային ակտիվացման համեմատ Ադրբեջանը ներկայումս առավել ակտիվ գործածում է դիվերսիոն խմբերին և դիպուկահարներին: Պետք է ընդգծել, որ հատկապես ակտիվ են հակառակորդի հետախուզական ստորաբաժանումները, որոնք անընդհատ հայկական կողմ ներթափանցելու փորձեր են կատարում», -հավելեց փորձագետը:
Նշենք, որ հակառակորդը ներթափանցման փորձ էր կատարել մարտի 10-ին գիշերը: Ըստ պաշտոնական հաղորդման, ՊԲ առաջապահ զորամասերը ժամանակին հավաստանշել են հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի առաջխաղացումը և վերջինիս հասցնելով առնվազն 2 զոհ և վիրավորներ, հետ շպրտել իրենց ելման դիրքերը:
«Հատկանշական է մանավանդ այն հանգամանքը, որ հակառակորդը նշված հրանոթներից անցած գիշեր արդեն հրետակոծության է ենթարկել ոչ միայն Ակնայի (Աղդամի) ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների դիրքերը, այլև առաջնային գծից բավականին մեծ խորությամբ գտնվող որոշ տարածքներ, ինչը թերևս, աննախադեպ է 1994թ. մայիսից հաստատված հրադադարի ողջ ընթացքում: Նման նախահարձակ գործողություններից կատարվելիք հետևությունը մեկն է՝ հակառակորդը որդեգրել է հակամարտության գոտում իրադրության ապակայունացմանն ուղղված առավել սանձարձակ մարտավարություն, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով», -այդ հաղորդագրության մեջ նշել էր ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունը:
Մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում «անկանխատեսելի հետևանք», Աբրահամյանը պատասխանեց.
«Հայկական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ անվտանգության ապահովման նպատակներին հասնելու համար նախատեսում ենք գործադրել մի շարք միջոցներ, այդ թվում՝ «Սանձահարման/Զսպման համակարգը», որը գործի է դրվում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար:
Սա ենթադրում է, որ անհրաժեշտության դեպքում հայկական կողմը համապատասխան հարվածներ կհասցնի ոչ միայն հակառակորդի գործողություններին արձագանքելով, այլ հնարավոր սադրանքների նախապատրաստման փուլում՝ նրա իսկ տարածքում: Ադրբեջանի կողմից, իրավիճակի թեժացմանն ուղղված քայլերը լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունը, ինչը իսկապես հղի է անկախատեսելի հետևանքներով»:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցային գործընթացի ներկա փուլին, քաղաքագետն ասաց, որ այն այժմ բարդ փուլում է:
«Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր ձևաչափերով հանդիպումներում, հարցազրույցներում կրկին ակտիվ շրջանառության մեջ են փորձում գցել բանակցային ֆորմատի փոփոխության հարցը: Նման քայլերով Ադրբեջանը անընդհատ հետ քայլ է կատարում՝ ավելի ու ավելի հեռացնելով կողմերին խնդրի հնարավոր լուծմանը հասնելու հնարավորությունից:
Ամեն դեպքում գործընթացում էական տեղաշարժ նկատելի չէ, ինչը պայմանավորված է Ադրբեջանի՝ գործընթացի նկատմամբ դրսևորած անլրջությամբ», -հավելեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին, թե քաղաքագետը հնարավո՞ ր է տեսնում առաջիկայում Միջուկային անվտանգության գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպումը, Աբրահամյանը պատասխանեց. «Նախագահների մակարդակով հանդիպման կայացման մասին պաշտոնական հաղորդագրւթյուն դեռևս չկա, սակայն չի բացառվում, որ համանախագահներն իրենց միջնորդական ջանքերը կուղղեն այդ հանդիպման կազմակերպմանը»: