Ապրեսյան. Միայն 2015-ին Հայաստանում չորս նոր հյուրանոց է բացվել
Ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը 2015-ին 2014-ի համեմատ նվազել է 1 տոկոսով: Բացարձակ թվով կազմել է 1 մլն 192 հազար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման թվեր ներկայացրեց էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
«Նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների թվի կրճատմամբ: Ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված Ռուսաստանից նվազել են այցելությունները ոչ միայն Հայաստանի ուղղությամբ»,-մանրամասնեց Մ. Ապրեսյանը:
Նա վկայակոչեց ՌԴ պաշտոնական տվյալները, որոնց համաձայն 2015-ի 9 ամիսների ընթացքում 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 35 տոկոս անկում, դեպի Հայաստան՝ մոտ 6 տոկոս:
«Ունենք չնչին նվազում Ֆրանսիայից, Իտալիայից, Վրաստանից, բայց ունենք զգալի աճ Իրանից, ԱՄԷ-ից, Ավստալիայից, Գերմանիայից, Իրաքից: Սա նշանակում է, որ Հայաստանի նկատմամբ կա հետաքրքրության աճ, զբոսաշրջային այցելություններն ավելանում են: Ենթակառուցվածքների առումով ևս մենք ունենք զարգացում, զգալի հաջողություններ»,-ասաց Ապրեսյանը:
Նրա ներկայացրած տվյալներով, միայն 2015-ին Հայաստանում չորս նոր հյուրանոց է բացվել, որից երկուսը մարզերում՝ Ջերմուկում ու Հաղպատում:
«Չորս հյուրանոցից երկուսը միջազգային հեղինակավոր հյուրանոցային ցանցերին են պատկանում՝ «Հիլթոն» և «Հայաթ»»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Նովրուզին այս տարի ավելի մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ կգան Հայաստան»
- Հայաստանյան հյուրանոցներում մնացած իրանցիների թիվը կտրուկ նվազել է
- Հայաստանում միջազգային և ներքին զբոսաշրջությունը նվազել է. ԱՎԾ
- Օտարերկրյա զբոսաշրջիկները նախընտրում են Հայաստան այցելել նաև գյուղական տուրիզմի նպատակով. մասնագետներ
- Մենք աջակցում ենք մարզերում տուրիզմի զարգացմանը, ինչը կնպաստի տնտեսական զարգացմանը. դեսպան Միլս
- «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ին ընդառաջ. հանուն մարզական տուրիզմի զարգացման