Գազպրոմը կարող է վերանայել «Թուրքական հոսք» նախագիծը
Թուրքական հոսք գազային նախագծի իրականացման ժամկետները կճշգրտվեն ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո: Այս մասին «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, հայտնել է «Գազպրոմ»-ի կառավարման խորհրդի անդամներից Օլեգ Աքսյուտինը:
«Նախագծի իրականացման ժամկետները ավելի կհստակեցվեն ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացումից և միջկառավարական համաձայնագրի կնքումից հետո»,- նշել է Օլեգ Աքսյուտինը:
Աղբյուրը հիշեցնում է, որ «Թուրքական հոսք» գազային նախագծի շուրջ քննարկումները սկսվեցին այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովի դիրքորոշման պատճառով Ռուսաստանը հրաժարվեց դեպի Եվրոպա գնացող «Հարավային հոսք» նախագծից՝ ուշադրությունը կենտրոնացնելով «Թուրքական հոսք» նախագծի շուրջ:
Այս առումով ռուս-թուրքական բանակցությունները սկզբում համընկան Թուրքիայում նախորդ տարի կայացած ընտրությունների հետ, իսկ դրանցից հետո էլ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման դեպքով պայմանավորված ռուս-թուրքական հարաբերությունները թևակոխեցին լարվածության փուլ:
Այս տարվա սկզբին, սակայն Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը չէր բացառել, որ «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման աշխատանքները կարող են սկսվել 2016 թվականից: