Իմ տպավորությամբ՝ ավագ դպրոցի առաքելությունն ենք շփոթում. Նախարար
«Ավագ դպրոցի առարկայական ծրագրում ինչ-որ բան ճիշտ չենք անում, ինչի հետևանքով հասարակության շրջանում դժգոհություններ են առաջանում ավագ դպրոցներից, ինչն իր հերթին անդրադառնում է ընդհանուր դպրոցների հեղինակության վրա»,- «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նրա խոսքով, ինչպե՞ս կարելի է բացատրել այն փաստը, որ ծնողը 9 տարի շարունակ, երբ երեխան չի ցանկացել դպրոց գնալ, պատժել է, իսկ ավագ դպրոցի այդ երեք տարիների ընթացքում որևէ բան չի անում, երբ երեխան չի ուզում գնալ դպրոց:
«Չենք կարողանում հասկանալ, թե ինչ ծրագիր ընտրենք, որպեսզի ավագ դպրոցը կայանա նույն ձևով, ինչ ձևով կայացել են հիմնական դպրոցները: Դրանից ժողովրդի մոտ այնպիսի տպավորություն է, որ 10-ամյա կրթությունը լավ է, նրանք ուզում են վերադառնալ ոչ թե10-ամյա կրթական համակարգին, այլ այն կրթական որակին, որ իրենց հիշողության մեջ կա: Եթե ավագ դպրոցի հիմնախնդիրը չկարողանանք կարգավորել, չենք կարող ընդհանուր կրթական չափորոշիչներ դնել»,- ասաց նախարարը:
Լ.Մկրտչյանը նշեց, որ իր տպավորությամբ ավագ դպրոցի առաքելությունն են շփոթում. «Ավագ դպրոցը ոչ թե հիմնական դպրոցի շարունակությունն է, վերջին երեք տարին է, այլ ավագ դպրոցը կոչված է երեխային դարձնել քաղաքացի, որոշում ընդունող, որպեսզի երբ գնա համալսարան, պատասխանատու լինի: Եթե դա չենք անում ու աշակերտին ուղարկում ենք բակալավրիատ, բակալավրիատում գոնե մասնագետ դարձնեն, նախ դարձնում են քաղաքացի, որոշող ընդունող, իսկ մասնագիտություն ստանալն արդեն տեղափոխվում է մագիստրատուրա»:
Նախարարի խոսքով, քանի որ առարակայացանկը չեն կարողանում 9 դասարանով սահմանափակել, մեխանիկորեն այն տանում են նաև ավագ դպրոց, որտեղ շարունակում են տարբեր առարկաներից կիսատ մնացածը սովորեցնել:
Լ. Մկրտչյանի կարծիքով, ավագ դպրոցում աշակերտը վերջին վեց ամսվա ընթացքում ավելի թեթև ռեժիմ պետք է ունենա, որպեսզի նախապատրաստվի բուհ ընդունվելու: Նա նաև չի հասկանում, թե ինչու են ավագ դպրոցն ավարտելուց վեց քննություն հանձնում: «Կարելի է, օրինակ, հայոց լեզուն և մաթեմատիկան պարտադիր դարձնել, մեկ քննություն էլ լինի արդեն մասնագիտական առարկա, որն աշակերտն ընտրի»,- որպես առաջարկություն նշեց նախարարը:
Նրա համոզմամբ, ավագ դպրոցները պետք է ունենան զարգացման ծրագիր, և ամեն դպրոց պետք է իրենն ունենա:
«Յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է իր առաքելությունն ունենա, ինչպես համալսարանները: Յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է իր ձեռագիրն ունենա»,- ընդգծեց նա՝ առաջարկելով հանդիպմանը ներկա ավագ դպրոցների տնօրեններին ամեն մեկն իր հերթին ներկայացնել առաջարկություններ, թե ինչ է ցանկանում, որպեսզի տաս տարի հետո դպրոցն ունենա կամ ինչ չունենա՝ հաշվի առնելով, իհարկե, պետության հնարավորությունները, ներուժը:
Հարակից հրապարակումներ`
- Պետք է այնպես անել, որ դպրոցը ձեռք բերի այն հիմնական դերակատարումը, որի համար ստեղծվել է. Լևոն Մկրտչյան
- Մեր հասարակության մեջ սովորելու մշակույթը վերականգնելու կարիք կա. Ավագ դպրոցի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները