«Նովրուզին այս տարի ավելի մեծ թվով իրանցի զբոսաշրջիկներ կգան Հայաստան»
Այս տարի իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ, նախատեսվում է, որ իրանցի զբոսաշրջիկներ ավելի շատ կգան Հայաստան, քան նախորդ տարի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը՝ հավելելով, որ իր հաշվարկներով, մոտ 10 հազար իրանցի կժամանի Հայաստան։
Նրա խոսքերով, նախատեսվում է, որ առաջիկա 12-13 օրերին Իրանի ամենատարբեր քաղաքներից դեպի Երևան կիրականացվի մոտ 60 չվերթ. «Եթե անցյալ տարի Իրանի տարբեր քաղաքներից դեպի Երևան իրականացվել է օրական մեկ չվերթ, ապա այս տարի չվերթների թիվը նախատեսվում է հասցնել 3-4-ի: Իրանից Հայաստան ինքնաթիռի տոմսերի արժեքը տատանվում է 110-170 հազար դրամի սահմաններում՝ նայած, թե ինչ ժամկետներում են դրանք ձեռք բերվել»:
Ինչ վերաբերում է մշակութային ծրագրերին, Առլեն Դավուդյանը նշեց, որ բազմաթիվ երգիչներ, ովքեր չեն կարողանում տոնական այս օրերին համերգներ կազմակերպել Իրանում, ելույթներով հանդես կգան Հայաստանում:
«Սա գրավում է իրանցիներին, քանի որ նրանք սիրում են այդ երգիչներին և ուրախությամբ տոներն անցկացնում են հենց Հայաստանում»,- ասաց նա՝ հավելելով, որ այս օրերին իրանցի 4-5 հայտնի երգիչներ համերգներով հանդես կգան Հայաստանում:
Անդրադառնալով հյուրանոցային բիզնեսին, Ա.Դավուդյանն ասաց, որ, եթե նախորդ տարիներին Հայաստանում առաջարկվող բավական թանկ գները շատ անգամ խոչընդոտել են՝ բավարար թվով իրանցիների մեր երկիր գալուն, ապա այս տարի, հակառակը, վիճակը բավական գոհացուցիչ է, անգամ հինգ աստղանի հյուրանոցները իրանցի զբոսաշրջիկներին շատ հարմար գներ են առաջարկում:
Միաժամանակ նշեց, որ հայաստանյան հյուրանոցային ցանցը դեռ շատ հեռու է թուրքական շուկայում առկա մատչելիությունից:
«Կան և հանգստացողներ, և հետաքրքրվողներ Հայաստանի մշակույթով: Իրականում մենք շատ բան կարող ենք իրենց ցույց տալ, բայց դեռ սահմանափակվում ենք միայն եկեղեցիներով»,-ասաց Ա.Դավուդյանը՝ հավելելով, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետք է լուրջ մոտենա այս հարցերին և հստակ ռազմավարություն մշակի, որպեսզի շատ ավելի տուրիստներ ներգրավի դեպի Հայաստան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին