ՌԴ-ն «Հարավային հոսքի» վերաբերյալ ԵՄ-ին որևէ առաջարկություն չունի. Դ. Պեսկով
«Հարավային հոսք» նախագիծը դադարեցված է, դրա շուրջ աշխատանքներ չեն տարվում, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Ռուսաստանում ԵՄ դեսպան Վիգաուդաս Ուշացկասը հայտարարել էր, որ ԵՄ-ն «Հարավային հոսքի» վերաբերյալ առաջարկություններ ստանալու դեպքում պատրաստ է քննարկել դրանք, սակայն նախագիծը պետք է համապատասխանի Երրորդ էներգափաթեթին:
««Հարավային հոսք» նախագիծը գոյություն չունի, այն փակված է, ոչ մի աշխատանք չի տարվում, նախագիծը դադարեցվել է Եվրահանձնաժողովի համապատասխան դիրքորոշման կապակցությամբ», - ասել է Պեսկովը:
Նա հավելել է, որ «Հարավային հոսք« նախագծի վերաբերյալ դիրքորոշման փոփոխության մասին ԵՀ-ի կողմից ոչ մի որոշում չի եղել:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2014թ-ի դեկտեմբերին հրաժարվել էր «Հարավային հոսք» նախագիծը կյանքի կոչելուց հենց Եվրամիության կողմից անհամաձայնության դրսևորման հետևանքով:
Այս նախագծի փոխարեն Ռուսաստանը ԵՄ-ին առաջարկեց «Թուրքական հոսք» նախագիծը, որը հետագայում նույնպես սառեցվեց Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների վատացման հետևանքով: