Ինչ է արել Պերմյակովը շինարարների տնակում
Գյումրիում այսօր շարունակվել է Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը:
«Ազատություն» ռադիոկայանը Գյումրիից փոխանցում է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Պերմյակովի գործով այսօրվա դատական նիստում, ինչպես նախորդ նիստում էր, հրապարակվել են նախաքննության նյութերը՝ 26 հատոր քրեական գործը պետք է դատական նիստերի ընթացքում թերթվի, և հրապարակվեն կարևոր փաստաթղթերը, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, տեղազննությունների արդյունքները:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, հրապարակվել են լուսանկարներ, թե ինչպես է հայ-թուրքական սահմանին հայտնաբերվել Պերմյակովը՝ այն տնակը, որտեղ նա թաքնվել էր, վայրը, որտեղ արձակվել էր նախազգուշական կրակոցը և նրան հայտնաբերել էին ռուս սահմանապահները:
Տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը «Aravot.am»-ի հետ զրույցում ասել է, որ Պերմյակովը, ամենայն հավանականությամբ, տեսել է տնակը ու պատահաբար ներս մտել:
«Նա հատուկ նպատակով գնացել է այդ տնակը՝ այդպիսի տեղեկություն չունենք:Ես իմ գործընկերոջ հետ գնացել եմ սահման, տեսել եմ, որ այդպիսի տնակ կա ու պատկերացրել, որ ցանկացած մեկը կարող էր ներս մտնել: Այլ հարց է, որ պետք է ճշտել, թե Պերմյակովը որքանո՞վ է ճիշտ կամ սխալ ասում, թե՞ ինքը եղել է այդ տնակում և կփորձենք քննության վերջնական արդյունքում հասկանալ: Առարկայական վկայող հետքեր, որ Պերմյակովը եղել է այդ տնակում, չկան:
Իր ցուցմունքն է միայն, որ նա մնացել է այդ տնակում ու դեպքի վայրի զննությունն է, որ կա այդպիսի տնակ: Այդ տնակը ջրի պոմպի կողքին է և օգտագործվում է շինարարների մնալու համար: Այնպես չէ, որ սա տնակ է բնակության համար, այլ սպասարկման համար նախատեսված տնակ է»,- ասել է Երեմ Սարգսյանը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, հրապարակվել է նաև հրազենի փորձաքննությունների եզրակացությունը, ներկայացվել են փորձաքննության լուսանկարները՝ ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգի և դեպքի վայրից հայտնաբերված պահունակում գտնվող փամփուշտների:
Սրան զուգահեռ՝ Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբաններն արձանագրում են, որ դատավարության ընթացքում ավելի ու ավելի հրատապ է դառնում Պերմյակովի արդեն իսկ զորացրված ծառայակիցների և նախկին անմիջական հրամանատարի հարցաքննության հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Պերմյակովի ասած «մի նախադասությունը ցնցել է» փորձագետ Էլդա Գրինին
- Պերմյակովի գործով կարևորագույն վկաները չեն ներկայանում դատարան
- Պերմյակովին ուղեկցել է տաքսիստը, որը նրան շաուրմա ու «կոլա» է հյուրասիրել
- Բոլորին գյուլլել են, մինակ երեխեն ա շնչում. Պերմյակովի գործով վկայի ցուցմունքները
- «Անխիղճներ, անսովեստներ». Պերմյակովի մեղադրանքի ընթերցանությունը հուզեց Ավետիսյանների հարազատներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին