Գյուղացիները սպասում են արևի բացվելուն՝ վնասները հասկանալու համար
Մրգաշատում այս տարի միրգը քիչ կլինի:
«Մեր հաշվարկներով ցուրտը պետք է որ լրիվ տարած լինի, կարող է ընդհանրապես չլինի»,-Panorama.am-ին ասաց Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի համայնքապետ Գևորգ Դանիելյանը:
Վաղ առավոտից գյուղապետերն ու գյուղացիներն այգիներում են: Գիշերվա ցրտից հետո փորձում են հասկանալ վնասի չափը:
«Սաղ գիշեր մուխ ենք դրել: Հեսա որ արևը տվեց, կերևա վնասները էլի»,-ասաց նա:
Մրգաշատում խաղողի ու պտղատու այգիները 140 հա են:
Արմավիրի Մերձավան համայնքում ջերմաստիճանն անցած գիշեր հասել է -7-ի: Համայնքապետ Լևոն Գրիգորյանն ասաց, որ համայնքում մեծ այգիներ չկան, յուրաքանչյուր ընտանիք մի քանի ծառ ունի տնամերձ հողատարածքում:
«Գիշերը հասավ մինչև -6,7 աստիճանի: Կրակ, բան արել ենք, բայց չեմ կարծում, օգուտ կլինի»,-ասաց նա:
Մարտի 17-ի գիշերվա ցրտից հետո Մերձավանի ոչ բոլոր ծաղկած ծառերն էին վնասվել. «Երեկ մեր հողամասում նայել էի, չէր վնասվել: Էսօր, ճիշտն ասած, դեռ չեմ նայել, բայց եթե մինչև -7 հասել է, ինձ թվում է՝ կվնասվեն»:
Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքում անհամբեր սպասում են արևի դուրս գալուն: Դրանից հետո պարզ կլինի պատճառած վնասը:
«Ամբողջ գյուղը պտղատու այգիներ են՝ 150 հեկատար: Ծիրան էլ ունենք, բալ էլ, սալոր էլ: Ամբողջ գիշեր ամեն մեկն իր ուժերով ինչ կարողացել արել է»,-ասաց Քաղցրաշենի գյուղապետը:
Այգեզարդի գյուղապետի տեղակալ Պետրոսյանն էլ նշեց, որ ով չի ալարել, վեր է կացել ու գիշերը այգին ոռոգել, ծուխ դրել: Ալարկոտ գյուղացիները քիչ են եղել, ծիրանի այգին խնամելու համար, ըստ Պետրոսյանի, նույնիսկ արտագնա աշխատանքի մեկնածներ են վերադարձել:
Նշենք, որ այս գիշեր Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում գիշերը օդում գրանցվել է -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին‵ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ին գիշերը համապատասխանաբար‵ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նախարար Սերգո Կարապետյանը երեկ ուշ երեկոյան շրջայց է կատարել Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում` ցրտահարության դեմ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այս տարի ավելի լավ են նախապատրաստվել ցրտահարության դեմ պայքարին, բացի այդ նաև ավելի ակտիվ համագործակցություն է եղել նախարարության մասնագիտական կառույցների հետ: Համայնքում ծիրանենու այգիները կազմում են մոտ 350 հեկտար, 2015 թվականին համայնքում ստացել են մոտ 800 տոննա ծիրանի բերք, որի զգալի մասն արտահանվել է:
Այգեպատ համայնքում այգեգործ Ռաշիդ Խաչատրյանն այս տարի արտերկրում կիրառվող մի մեթոդ է փորձարկել, որի մասին տեղեկացել է հեռուստաեթերից նախարարության մասնագետներից: Ըստ այդմ` ծաղկած ծիրանենիներն անձրևացման միջոցով ցողապատում են և երբ ջերմաստիճանը 0-ից նվազում է, ծաղիկները պատվում են սառցե կեղևով, բյուրեղացման ընթացքում ջերմություն է անջատվում, դրանք մեկուսանում են շրջապատից, ինչն էլ օգնում է պաշտպանվել ցրտահարությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան