Լոքյան. Համայնքների խոշորացման գործընթացը շարունակական է լինելու
Մենք փորձելու ենք տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները գյուղ առ գյուղ զարգացնել և այդ ուղղությամբ տանել առաջիկա ներդրումային քաղաքակությունը: Տավուշի մարզի սահամանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ համայնքներ, մասնավորապես` Բաղանիս, Ջուջևան, Բերդավան, Դովեղ, հանդիպել համայնքի բնակիչների հետ, զրուցել խնդիրների շուրջ:
Նա ներկայացրել է ՄԱԶԾ «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագիրը, որի շրջանակներում Տավուշի մարզի քառասունհինգ սահմանամերձ համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան մշակելու իրենց համայնքային ծրագրերը՝ թիրախավորելով ֆինանսավորման համար այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են ենթակառուցվածքների վերականգնումը և եկամուտ ստեղծող ծրագրերը:
Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքապետերի և ոլորտի այլ պատասխանատուների հետ անցկացվել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են համայնքներում աղքատության հաղթահարման ուղիների վերաբերյալ հարցեր:
Լոքյանը Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել համայնքի բնակիչների կողմից եկամտաբեր տնտեսություն վարելը:
Դավիթ Լոքյանն այցելել է նաև Դիլիջան համայնք: Համայնքների խոշորացման ծրագրի շրջանակներում ներկայիս Դիլիջան համայնքը կազմավորվել է նախկին Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք համայնքների միավորումից: Նախարարն ասել է, որ իր այցելության հիմքում դրվել էր հիմնական քննարկումն անցկացնել հատկապես Դիլիջանում՝ խոշորացման գործընթացից հետո համայնքներում առկա խնդիրները, հետագա ծրագրերը տեղում քննարկելու նպատակով: Նա շնորհակալություն է հայտնել համայնքապետերին՝ խոշորացման գործընթացն արդյունավետ անցկացնելու համար:
«Կարծում եմ, որ կառավարման այս ձևը կնպաստի ձեր համայնքների ընդհանուր բարգավաճմանը»,-ասել է Դավիթ Լոքյանը, ընդգծելով, որ այս գործընթացը շարունակական է լինելու, իրականացվելու է ողջ հանրապետության տարածքում: Նախարարն ընդգծել է, որ Դիլիջանի խոշորացման ծրագիրը կարող է օրինակելի լինել մյուս համայնքների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին