Սիրիայում դաշնային միավոր ստեղծելու հայտարարությամբ քրդերը չեն բարելավում սեփական դիրքերը
Մարտի 17-ին քրդերը հայտարարեցին Սիրիայի հյուսիսային քրդաբնակ տարածքներում՝ Աֆրինում, Քոբանիում և ալ-Հասաքայում դաշնային միավոր ստեղծելու մասին: Սա քրդերի պատասխանն էր ժնևյան բանակցություններին, որտեղ նրանց չներգրավեցին սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մեջ (խոսքը վերաբերում է քրդերի շրջանում ազդեցիկ կառույցներին), և քրդերը փորձում են սեփական ուժերով լուծել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների կարգավիճակի հարցը:
Ինչ խոսք, քրդերի նման հավակնոտ ծրագրերի իրականացման համար պատեհ պահ է ստեղծվել, բայց արդյո՞ք քրդերը հաշվարկել են բոլոր ռիսկերը և նման հայտարարություններով չեն վտանգում հենց իրենց:
Քրդական ուժերը ռազմական հաջողություններ են արձանագրում Սիրիայի հյուսիսում՝ թուրք-սիրիական սահմանի գրեթե ողջ երկայնքով, փորձում են ապացուցել, որ ինքնուրույն ուժ են, ի վիճակի են տնօրինել սեփական ճակատագիրը՝ ստեղծելով ինքնավար տարածք:
Վերոհիշյալի հետ մեկտեղ, չպետք է մոռանալ նաև Սիրիայի` քրդեր-թուրքական Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն (PKK) կապի մասին (վերջինս ահաբեկչական կառույց է բնորոշվում Թուրքիայի, ԱՄՆ-ի և որոշ այլ երկրների ու միջազգային կառույցների կողմից): Այս կոնտեքստում, Սիրիայի քրդերը փորձում են ցույց տալ, որ ինքնուրույն են և կապ չունեն PKK-ի հետ, սակայն իրողությունն այլ է:
PKK-ի ազդեցությունը մեծ է Սիրիայի քրդաբնակ տարածքներում, առավել ևս հեղինակավոր քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) և դրա ռազմական թևի՝ ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (YPG) վրա, և, ըստ էության, քրդերի շրջանում մեծ հեղինակություն ունեցող PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի գաղափարական հիմնադրույթներից մեկի՝ ժողովրդավարական համադաշնության գաղափարներն են կիրառվում Սիրիայի հյուսիսային հատվածներում՝ հայտարարելով դաշնային միավոր ստեղծելու մասին:
Հիշյալ հայտարարությունը դժգոհություններ առաջացրեց ոչ միայն Սիրիայի ներսում (քրդերի հայտարարությանն անմիջապես հաջորդեց մոտ 70 ընդդիմադիր խմբավորումների համատեղ ուղերձը, որտեղ քննադատվեց Սիրիայի հյուսիսում դաշնային տարածք հիմնելու քրդերի ծրագիրը), այլև Սիրիայից դուրս, որը նպաստեց քրդերի հակառակորդների ավելացմանը:
Դաշնային կարգավիճակով ինքնավար տարածք հիմնելու հայտարարությամբ քրդերը շտապողականություն և անհեռատեսություն դրսևորեցին, ինչը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել Սիրիայի հյուսիսում, մասնավորապես քրդաբնակ հատվածներում: Նման շտապողականությունը կարող է զրկել քրդերին արտասիրիական որոշ ուժերից եկող ռազմական և ֆինանսական աջակցությունից: Դա կարող է դժվարություններ ստեղծել քրդերի համար Սիրիայում ընդդիմադիր ճամբարի որոշ հատվածի (այդ թվում Թուրքիայի կողմից հովանավորվող նաև քրդական որոշ կառույցների), «Իսլամական պետության» և այլ իսլամական արմատական խմբավորումների դեմ պայքարում:
Քրդական ուժերին դեռևս ահեղ ճակատամարտեր են սպասվում, որոնք ենթադրվում է, չեն լինելու հեշտ տրվող ռազմական գործողություններ: Վերջին շրջանում քրդերի ռազմական հաջողությունների հիմքում այն իրողությունն էր, որ ռազմաճակատի գիծն անցնում էր Սիրիայի քրդաբնակ հատվածներով, քրդերը ստանում էին սպառազինություն, օգտվում էին արևմտյան և ռուսական օդային հարվածներից: Սակայն, ռազմական գործողություններն, աստիճանաբար, հեռանում են քրդաբնակ հատվածներից, ինչը լրացուցիչ բարդություններ է ստեղծում, առավել ևս, որ հիշյալ գործողություններում նկատելի են որոշակի ուղղորդումներ արտասիրիական ուժային կենտրոններից:
Սիրիայի այլ հատվածների, առավել ևս ԻՊ-ի կենտրոնի՝ ալ-Ռակկայի վրա հարձակումը լուրջ փորձություն է լինելու քրդերի համար, իսկ դաշնային կարգավիճակով ինքնավար տարածք հիմնելու հայտարարությամբ քրդերը չեն բարելավում սեփական դիրքերը, այլ ընդհակառակը՝ վտանգում են դրանք:
Արաբագետ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները