Չի բացառվում՝ Սպիտակում ՀՀԿ-ն երկու թեկնածու ունենա
Ապրիլի 17-ին Սպիտակ քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը դեռ չի հայտարարում թեկնածուի անունը, որին պատրաստվում է պաշտպանել: «Թող առաջադրումների ու գրանցման ժամանակն ավարտվի, կտեսնենք՝ ինչ վիճակ է ստեղծվում նոր միայն կհայտարարվի հստակ բան»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադևոսյանը:
Սպիտակում, հիշեցնենք, առաջադրվել է քաղաքապետի 4 թեկնածու՝ Լոռու փոխմարզպետ, ՀՀԿ-ական Վանիկ Ասատրյանը, Սպիտակի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գագիկ Հենրիկի Սահակյանը, 3-րդ-ը նույնպես ՀՀԿ-ական է դարձյալ Գագիկ Սահակյան անուն-ազգանունով, բայց հայրանունը՝ Ալբերտի: 4-րդ առաջադրվածը անկուսակցական Ռոբերտ Աղումյանն է:
Մրցակցությունն այս քաղաքի ղեկավարի պաշտոնի համար ընթանալու է Լոռու փոխմարզպետի և գործող քաղաքապետի միջև:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ Սպիտակում ՀՀԿ-ն պաշտպանի միանգամից երկու թեկնածուին, Թադևոսյանն ասաց, որ չի բացառվում՝ հավելելով, որ իրենք սպասում են մինչև առաջադրված թեկնածուների գրանցման ժամկետն ավարտվի և հստակ որոշում կայացնեն:
Ինչ վերաբերում է Թալինում նույնպես ապրիլի 17-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին, ապա Թադևոսյանի խոսքով, իրենք պաշտպանելու են գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի թեկնածությունը:
Այստեղ նույնպես թեժ ընտրապայքար է սպասվում, քանի որ ընտրապայքարին միացել են Հ. Յ. Դաշնակցությունն ու Հայկական վերածնունդ (նախկին՝ ՕԵԿ) կուսակցությունները:
Նկատենք, որ Արագածոտնի մարզը, որի բնակավայրերից է Թալին քաղաքը, քաղաքական համաձայնագրի շրջանակներում ղեկավարում է Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության անդամ Գաբրիել Գյոզալյանը: Այստեղ առաջադրված ՀՅԴ-ական թեկնածուն Տիգրան Հարությունյանն է, ՀՎ-ից՝ Գուրգեն Գրիգորյանը, որը Թալինի նախորդ ընտրություններում արդեն պարտություն ունեցել է:
Թադևոսյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի 17-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն պաշտպանելու է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թեկնածությունը:
Այստեղ ևս ընտրապայքարը թեժ կլինի, քանի որ ՀՀԿ-ականի միակ մրցակիցը համարվում է «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, որին կպաշտպանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակում Գագիկ Սահակյանի դեմ կպայքարի Գագիկ Սահակյանը
- Թալինում երկրորդ թեկնածուն է առաջադրվել, Հրազդանում՝ չորրորդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան