Դու արդեն ամենակարևոր բաները սովորել ես
Կարծեմ էլի գարուն էր։ Գետնանցումից դուրս եկա, ու աստիճաններին կանգնած տղան ուրախ վեր թռավ.
-Վայ, բարև ձեզ, ինձ հիշո՞ւմ եք։
-Վայ՝ հիշում եմ,-ժպտացի ես էլ,-ո՞նց ես։
Աշխատեցի չնկատելու տալ կողքին դրված մանրավաճառի սեղանը։ Չգիտեմ ինչու։ Համենայն դեպս։
-Պապաս մահացավ։ Հիմա մամայիս եմ օգնում փոքրերին պահելու,- բայց ժպիտը չհեռացրեց դեմքից. այդպիսի մարդիկ կան, ժպտում են, որ վատ չզգաս հանկարծ իրենց նեղությունից։
Արագ, կիսատ ցավակցեցի։ Սկսեցի ակնդետ նայել բանալիների կախիչներին՝ չոր լեզուն դուրս գցած շուն, փափուկ կրիա...։ Չգիտեմ ինչու սկսեցի նայել։ Երևի որովհետև այդ ժպիտին պատասխանելու բան չունեի։
-Ապրես որ օգնում ես մամայիդ, շատ ապրես։
-Բայց սովորելը կիսատ թողեցի,-տնայինը չարած աշակերտի նման խոստովանելու պես մի բան արեց։
-Ախ՝ դա։ Դա ոչինչ,-ես մի պահ մտածեցի, որ դասարանում նման բառեր չէի ասի,-դա ոչինչ։ Սովորելը ինչ, ամենակարևոր բանը դու արդեն սովորել ես։
- Հա՞։
Ու հանկարծ թեթևացած շունչ քաշեց։ Կարծես սրտից մեծ բեռ ընկավ։ Կարծես ծնող կորցրած, ուսումը կիսատ թողած, փոքր քույր-եղբայրներին ու մորը անտրտունջ օգնել ցանկացող այս տղային մի բան էր աշխարհում միայն մտահոգում՝ երբ հանդիպի ինձ, ես ինչ կասեմ։ Ես, որ սովորելու կամ սովորեցնելու սիմվոլ էի երևի իր համար...։
Պինդ նայեցի աչքերին, հիշողությանս մեջ ժպտուն ուժը պահելու, սեղմեցինք իրար ձեռք, գնացի։
Մի քանի օր հետո հանդիպեցի մորը։ Ինչ հեռացել էինք՝ գործի, թե հանգամանքների բերումով, ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո ոչ տղային, ոչ մորը էլ չեմ տեսել։ Երևի նախախնամությունը ուզում էր այս պատմությունը ավարտուն դառնա։
Մայրը քայլում էր տղայի ժպիտից դեմքին, երկու երեխաների ձեռքերը բռնած, պայուսակները մեջքներին, թեթև ու շտապ։ Բարևեցինք նույն հանկարծակի եկած «վայ»-ով։
...
-Գիտեք, երեխաներին հանեցի այն դպրոցից, Ձեզնից հետո էլ այն չէր։ Հիմա քաղաքի կենտրոն եմ բերում։ Թող լավ դպրոցում սովորեն։
Բաժանվեցինք։
Ես պատկերացնում էի, թե պիտի խեղճացած լինեն, պիտի պատմի ինչ դժվար է քաշել առօրյան։ Կամ որ չպատմի էլ, չէի պատկերացնում, որ մեծ տղան երբ ասում էր՝ օգնում եմ մայրիկիս, դրա մեջ փոքրերին լավ դպրոց, լավ ուսում ապահովելն էր մտնում...։
Չգիտեմ ինչպես է ապրում հիմա այդ ընտանիքը, բայց համոզված եմ՝ նուրբ ժպիտով, որ հաստատ նվիրում են մարդկանց, որ հանկարծ դիմացինները իրենց նեղությունից չնեղվեն։ Առանց պարտավորանքի իրար օգնելով։ Իրենից պակասածը եղբայր-քույրերին մեծ սրտով նվիրելով։
Վաղը էլի գարուն է։
Վաղը մանուկների օրհնության օրն է։
Եկեք դրա հետ համ էլ շնորհակալ լինենք երեխաներին, որ, այսքան անբռնազբոս, ուժի ու խաղաղության դասեր են տալիս մեզ։
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան