Վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների և մահացության ցուցանիշը նվազում է
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում վերջին տարիներին Հայաստանում արձանագրվում է տուբերկուլոզի համաճարակային իրավիճակի բարելավում: Այս մասին այսօր Աղվերանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպված «Միավորվենք՝ վերացնելու տուբերկուլոզը» թեմայով իրազեկման դասընթացին ասաց ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված «2007-2015 թվականների Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում: «Ծրագրի նպատակն էր նվազեցնել տուբերկուլոզով հիվանդացության և մահացության աճը, բարելավել Հայաստանում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը, ինչպես նաև նվազեցնել հիվանդությունից մահացությունը»,- ասաց Արմեն Հայրապետյանը՝ հավելելով, որ 2010 թվականից Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է նաև դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման ծրագիր:
Ներկայացնելով նշված ժամանակահատվածում իրականացված աշխատանքներն ու արդյունքները, Արմեն Հայրապետյանը նշեց, որ 2007-2015 թթ-ին շուրջ 2,5 անգամ նվազել է հիվանդացության և մահացության մակարդակը:
Մասնավորապես, ըստ նրա, 2015 թվականին հիվանդացության ցուցանիշը կազմել է 28,8 (2014 թվականին՝ 34,7, իսկ 2013 թվականին՝ 36,6), իսկ մահացության ցուցանիշը` 1.6:
2015 թվականին առաջնակի հիվանդների թիվը կազմել է 845 (2014 թվականին` 1046 դեպք, 2013 թվականին` 1070, 2012 թվականին` 1125): Նրա խոսքերով՝ առաջնակի հիվանդներից 31-ը 0-17 տարեկան երեխաներ են, որը կազմում է առաջնակի դեպքերի 4.9%-ը (2014 թվականին՝ 6.6%): Նշենք, որ 2014թ-ին տուբերկուլոզ գրանցվել է 42 երեխաների մոտ: «Հիմնականում դրանք այն երեխաներն են, որոնք վարակվել են իրենց ծնողներից, սակայն այս տարիքային խմբում վերջին տարիներին մահվան դեպքեր չեն արձանագրվել»,- ասաց Արմեն Հայրապետյանը՝ հավելելով, որ Ազգային կենտրոնում բացվել է մանկական բաժանմունք, որտեղ էլ իրականացվում է բուժումը:
Նշվեց նաև, որ 2015 թվականին արձանագրված 845 առաջնակի տուբերկուլոզով հիվանդից 73.2%-ը թոքային ձևեր են: Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը շուրջ երեք անգամ բարձր է, քան կանանց շրջանում:
Բազմադեղակայուն տուբերկուլոզ հիվանդացությունը Հայաստանում նույնպես նախորդ տարիների համեմատած նվազել է: 2015 թվականին հիվանդացության ցուցանիշը կազմել է 2.7, 2014թ.-ին՝ 3.0, 2013թ-ին՝ 3.4 և 2012 թվականին՝ 3.3:
Ինչ վերաբերում է Հայաստանում քրեակատարողական համակարգում ազատազրկված անձանց շրջանում ՏԲ հիվանդացությանը, ապա քրեակատրողական հիմնարկներում գրանցված դեպքերը նույնպես նվազել են: Եթե 2010թ-ին գրանցվել է 45 դեպք, ապա 2014թ-ին՝ 29, 2015 թ-ին՝ 22 դեպք:
Արմեն Հայրապետյանը հայտնեց, որ Հայաստանում ներդրվել են նոր ժամանակակից ախտորոշման մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս երկու ժամում ախտորոշել տուբերկուլոզը, ինչպես նաև որոշել՝ դեղակայուն է, թե ոչ:
Նշենք նաև, որ մեր երկրում տուբերկուլոզի բուժումն իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում, դեղորայքը նույնպես անվճար է հատկացվում: Պետությունը մեկ հիվանդի երկու տարվա դեղակայուն բուժման համար ծախսում է 5 հազար դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները