Բենզինի գնի մասին ցանկալի է խոսեն տնտեսագետները. Թաթուլ Մանասերյան
Հայաստանում մանրածախ բենզինի գնի շուրջ շահարկումները չեն հանդարտվում: Այս մասին panorama.am-ը զրուցեց տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:
- Արդյո՞ք Հայաստանում նավթամթերքի գների փոփոխության միտումները համադրելի են միջազգային դինամիկայի հետ:
- Բենզինի և նավթի գների նվազման դինամիկան համադրելիս, ես կողմ եմ դրանք նաև համաչափության և շարունակականության տեսանկյունից դիտարկել, քանի որ տեղ են գտնում որոշակի խզումներ: Տնտեսվարողները տարբեր կերպ են բացատրում, բայց եթե դիտարկում կատարենք 90-ական թվականներից սկսած` այդ կապը տարիներ շարունակ պայմանավորված է եղել մենաշնորհային, կիսամենաշնորհային դիրքերի առկայությամբ: Օլիգոպոլ շուկան ժամանակի ընթացքում դիվերսիֆիկացվել է թե՛ տնտեսվարողների և թե՛ ներկրման աղբյուրների առումով: Գների միջև խզումը պայմանավորված է եղել կամ տնտեսվարողների կողմից պայմանավորվածության ձեռքբերմամբ, կամ շուկայական գների միջև եղած տարբերությամբ: Այժմ, ընդհանուր առմամբ, նկատելի է ադեկվատ համադրելիության միտում, սակայն խզմուներ, այդուամենայնիվ, լինում են:
- Մենք այժմ այդ խզման փուլու՞մ ենք, թե՞ բենզինի գնի շուրջ հնչող գնահատականները պարզապես չեն համապատասխանում մարդկանց սպասումներին:
- Բենզինը և ընդհանրապես` բոլոր նավթամթերքներն ավելի շատ քաղաքական բաղադրիչներ ունեն, քան` տնտեսական: Նավթի շուրջ անհամաձայնությունները երբեմն քաղաքական հակամարտությունների է վերաճում. և դա բնական է: Միաժամանակ, վրդովմունք է առաջացնում այն հանգամանքը, որ մեզանում առավել հաճախ քաղաքական գործիչներն են շահարկում այդ թեման և միևնույն ժամանակ, թող թույլ տրվի ասել` իրականությանը մոտ թվեր կամ փաստեր չեն ներկայացնում: Եվ սա, առանց այն էլ` լարված, շիկացած սոցիալական խնդիրներ ունեցող հասարակությունում սրում է լարվածությունը: Կարծում եմ` դա պարկեշտ չէ: Բենզինի գնի մասին ավելի ցանկալի կլինի, որ խոսեն իմ գործընկերները` տնտեսագետները:
- Մասնագիտական ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ հաճախ շահարկվող այն փաստին, որ Վրաստանում բենզինի գներն ավելի ցածր են, քան Հայաստանում:
- Ես որոշ ուսումնասիրություններ եմ կատարել, որոնց արդյունքները, խոստովանեմ` իմ նախկին պատկերացումների հետ չեն համընկնում: Գործոնային վերլուծությունը ցույց է տալիս, որ Վրաստանում բենզինի գինը գոյանում է մի շարք այլ բաղադրիչներից, ինչը, ի դեպ, թույլ է տալիս առավել մեծ շահույթներ ստանալ, քան Հայաստանում: Վրաստանը ներկայումս նավթամթերքներ է ներմուծում Թուրքմենստանից և Ադրբեջանից, իսկ հիմա մտադիր է ներմուծել նաև Իրանից: Արդեն այսօր Վրաստանն այդ գործոնն օգտագործում է Ադրբեջանի և Թուրքմենստանի վրա ճնշում բանեցնելու համար` ասելով, որ Իրանից նավթամթերքը շատ ավելի էժան կարող է ձեռք բերել: Երկրորդ խնդիրը տրանսպորտային ծախսերն են, որոնք Հայաստանի դեպքում անհամադրելի են Վրաստանի հետ: Մյուսը հարկային քաղաքականությունն է: Հայաստանում պետական բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով դեռ 90-ական թվականներից ԱԱՀ-ն և հատկապես ակցիզային հարկի դրույքաչափերն աստիճանաբար բարձրացվել են: Հարկային վարչարարությունը նույնպես չենք կարող անտեսել:
Այս ամենում շատ ավելի կարևորում եմ Վրաստանի երկաթուղիներով Հայաստան տեղափոխվող բեռների փոխադրավարձի հարցը: Ադրբեջան տեղափոխվող բեռների տեղափոխման շատ ավելի ցածր վճար է գանձվում, քան հայկական բեռների համար: Սրա մասին պետք է բարձրաձայնեն ոչ միայն և ոչ այնքնան տնտեսվարողները, որքան Հայաստանի իշխանությունն` ի դեմս տրանսպորտի, էկոնոմիկայի և նաև արտաքին գործերի նախարարությունների: Նման թանկ վճարների գանձումը հակասում է ոչ միայն երկկողմ տնտեսական հարաբերութուններին, այլ նաև միջազգային փաստաթղթերին, մասնավորապես` ԱՀԿ սկզբունքներին: Այս պայմաններում մենք ունենք նույն ապրանքների գների մոտավորապես 6-8% տատանում Վրաստանի համեմատությամբ, սակայն տրանսպորտային ծախսերը չեզոքացնում են անգամ այդ տարբերությունը:
Հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում նկատվող բարելավումը, կարծում եմ` պետք է չբացառել նաև եռակողմ բանակցությունները Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև:
- Իրատեսակա՞ն են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո հայաստանցիներիս ակնկալիքները` կապված առավել էժան էներգակիրներ ձեռք բերելու հետ:
- Իրանը պատժամիջոցների վերացումից հետո առաջին քայլերն է անում, բայց սա չի կարելի դիտարկել որպես մեկ օրում կատարվող փոփոխություն: Իրանն ունի փակ տնտեսություն և համակարգային առումով ժամանակ է պահանջվելու ավելի ազատական, մրցակցային տնտեսության անցնելու համար: Իրանի հետ առևտրային հարաբերություններում, ներառյալ բենզինի առևտրում եղել են, այսպես ասած, ընդմիջումներ: Այսինքն` կանխատեսելիության առումով Իրանի մեր գործընկերների հետ առևտրում հարափոփոխ դժվարությունները, ժամանակի ընթացքում, անդրադարձել են նաև սպառողների սպասումների և գների վրա: Իսկ տնտեսական հարաբերություններում անընդհատությունը և շարունակականությունը տնտեսական անվտանգության կարևոր գործոններից են, որոնք ցանկալի են տնտեսական անվտանգության տեսանկյունից: Սակայն պետք է իրատես լինել և նկատել, որ Իրանի տնտեսության ազատականացումը և որպես հետևանք, իրանցի գործարարների հետ բենզինի առևտրի պայմանների կանոնակարգումը ժամանակատար և մի փոքր ավելի երկար գործընթաց կարող է լինել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան