Ղազարոսի հարության հիշատակության օրն է
Մեծ Պահքի 41-րդ օրը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը:
Qahana.am կայքը գրում է, որ Ղազարոսի հարության մասին պատմվում է Սբ. Հովհաննեսի Ավետարանում (Տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսին սիրելի մի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, որ մահացավ հիվանդության պատճառով: Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի` «Եվ Հիսուս արտասվեց...»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»: Քրիստոսի արտասվելը՝ բոլորի հանդեպ Նրա հետագայում անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը:
Հիշեցնենք, որ Մեծ պահքը սկսվել է փետրվարի 8-ից: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն, որն այս տարի նշվելու է մարտի 27-ին: