Առատաշենում չորս ՀՀԿ-ական պայքարելու են միմյանց դեմ
Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում ապրիլի 17-ին կայանալիք գյուղապետի ընտրություններն աչքի են ընկնում Հանրապետական թեկնածուների առատությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից Panorama.am-ը տեղեկացավ, որ այս համայնքում առաջադրված է 5 թեկնածու, մեկը՝ անկուսակցական Հովհաննես Անդրեասյանը, մնացածը՝ ՀՀԿ-ական: Ուշագրավ է, որ բոլոր թեկնածուներն էլ ինքնաառաջադրված են, այսինքն ՀՀԿ-ն չի սատարի նրանցից որևէ մեկին:
ՀՀԿ-ական թեկնածուներից մեկը գործող գյուղապետ Սարգիս Հարությունյանն է, մյուսը՝ ավագանու անդամ Զավեն Ինջիղուլյանը, հաջորդը՝ գյուղի դպրոցի պահակ Արտակ Ղազարյանը, և վերջապես Համազասպ Երանյանը:
Գյուղապետն ասում է՝ չգիտի, թե ինչով է պայմանավորված առայժմ իր կողմից զբաղեցրած պաշտոնի շուրջ նման մեծ հետաքրքրությունը: 2012-ին երբ ինքն ընտրվել է, ընդամենը երկու թեկնածու է առաջադրված եղել:
«Ավելի շուտ մտածենք, որ վատ չեմ ղեկավարել, դրա համար է հետաքրքրությունը մեծ: Կամ էլ մտածում են, որ իրենք ավելի լավ կարող են ղեկավարել»,-ասաց նա:
Panorama.am-ի հետ զրույցում գործող գյուղապետն ասաց, որ կուսակցությունում հանդիպում է եղել:
«Ամեն դեպքում չորսն են, բոլորն էլ, ինձ թվում է՝ արժանի թեկնածուներ են: Որևէ մեկին առավելություն տալու խնդիր չկա, ինձ թվում է: Ես գտնում եմ, որ այդպես ճիշտ է: Ինձ թվում է, բոլորին էլ նույն բանն են ասել»,-ասաց գյուղապետը:
Սարգիս Հարությունյանի խոսքով, մյուս թեկնածուների պես ինքն էլ իր ընտրվելու հնարավորությունը բարձր է գնահատում. «Զավեն Ինջիղուլյանը իմ ընկերն է, Ղազարյան Արտակն էլ»:
Միգուցե պայմանավորվածություն կա՞, որ ընտրապայքարի ընթացքում ինքնաբացարկ են հայտնելու: Հարցին ի պատասխան գյուղապետն ասած, որ նման բան չկա. «Ինչքան գիտեմ, բոլորն էլ պայքարելու են»:
3 հազարից ավելի բնակիչ ունեցող գյուղում ընտրողների թիվը 2100 է: Նրանցից 600-ը գյուղում չեն ապրում: Գյուղապետ ընտրվելու համար 450 և ավելի գյուղացի պետք է միաժամանակ քվեարկի թեկնածուներից մեկի օգտին:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված Արարատի, Արմավիրի, Լոռու, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք համայնքներում: Առաջադրումնեը մեկնարկել են մարտի 13-ից: Առաջադրումների ժամկետն ավարտվեց մարտի 18-ին՝ ժամը 18-ին:
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մարտի 30-ին և կշարունակվի մինչև ապրիլի 15-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ն:
Հարակից հրապարակումներ`
- Թալինում երկրորդ թեկնածուն է առաջադրվել, Հրազդանում՝ չորրորդ
- «Հայկական վերածնունդ»-ը թեկնածու կառաջադրի Գետափում
- «Հայկական վերածնունդ»-ը Թալինի ընտրություններում թեկնածու կառաջադրի
- ԿԸՀ-ն բաշխել է հերթական ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններ
- Լոռու փոխմարզպետն առաջադրվել է Սպիտակի քաղաքապետի թեկնածու
- Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Դոխոլյանը
- «Ժառանգությունը» միանշանակ կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. Զ. Փոստանջյան
- Սասուն Միքայելյանը մասնակցելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան