Շփման գծում հանգստյան օրերին իրադրությունը եղել է լարված. ԼՂՀ ՊՆ
Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2400 կրակոց: Շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսային ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 (40 արկ) և 82 (11 արկ) միլիմետրանոց ականանետեր:
«Սովորության համաձայն, փորձելով պարտակել իր ապակառուցողական գործողությունները, Ադրբեջանը լարվածության աճի մեջ շտապել է մեղադրել հայկական կողմին:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է իր հանձնառությունը խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածություններին՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով կանխել հակառակորդի ցանկացած սադրիչ գործողություն»,- նշված է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԼՂՀ-ն պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը. ՊՆ
- ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է խստորեն պահպանել հրադադար ՀՀ սահմաններում. ՊՆ -ն արձագանքել է Կասպրշիկին
- Անջեյ Կասպրշիկը Զատիկի և Նովրուզի տոներին ընդառաջ հորդորում է հետևել հրադադարի պահպանմանը