Կիրսան Իլյումժինով. «Հայաստանի շախմատային ֆեդերացիան ամենաակտիվներից մեկն է»
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հավակնորդների մրցաշարի ընթացքում տվել է մի շարք հարցազրույցներ, որոնցում անդրադարձել է հավակնորդների մրցաշարի ընթացքին և խոսել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և ՖԻԴԵ-ի համագործակցության մասին:
Մասնավորապես՝ Իլյումժինովը նշել է. «Հայաստանի շախմատային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի 186 անդամ ֆեդերացիաներից ամենաակտիվներից մեկն է և օրինակ է ծառայում բազմաթիվ ֆեդերացիաների համար, և ես այլ երկրների ղեկավարներին ներկայացնում եմ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և նրա Նախագահի` Սերժ Սարգսյանի աշխատանքը: Նա և իր թիմը շատ մեծ աշխատանք են կատարում տանում շախմատի հանրայնացման ուղղությամբ, և պատահական չէ, որ հենց Հայաստանի հավաքականն է երեք անգամ դարձել շախմատի Օլիմպիական չեմպիոն: Շատ քիչ երկրներ կարող են հպարտանալ եռակի Օլիմպիական չեմպիոն հավաքականով: Հայաստանում նպատակային աշխատանք է տարվում պրոֆեսիոնալ շախմատիստներ ձևավորելու համար, և մյուս կողմից այն Հայաստանում զանգվածային սպորտաձև է: ՖԻԴԵ-ի խնդիրներից մեկն էլ հենց այն է, որ շախմատը դառնա մասսայական սպորտաձև»,- Իլյումժինովի խոսքերը մեջբերել է chessfed.am-ը:
Այնուհետև ՖԻԴԵ-ի նախագահը նշել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ շախմատը դպրոցներում պարտադիր առարկա է դարձել, և Հայաստանում ակտիվ գործունեություն է ծավալում Շախմատի Ակադեմիան, ապա ավելացրել է. «Անցյալ տարի Հայաստանում անցկացվեց «Շախմատը՝ դպրոցներում» խորագրով միջազգային համաժողով, իսկ ես և Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի համայնքներից մեկում շախմատի ակումբ բացեցինք»:
Կիրսան Իլյումժինովը խոսել է նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր արդեն հանրահայտ դարձած պարտիայի մասին:
«Նախագահ Սարգսյանը շատ լավ խաղարկեց սկզբնախաղը և ստացավ մեծ առավելություն: Նա ճնշեց ինձ, և ես սկսեցի շատ ժամանակ ծախսել՝ ճիշտ քայլեր գտնելու համար, այդ իսկ պատճառով սպառեցի խաղային ժամանակը և պարտվեցի»:
Նա նշել է, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հիանալի մարզավիճակում է և խորությամբ գիտի սկզբնախաղը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան