Հալեպում նշել են Ծաղկազարդը
Չնայած Հալեպում տիրող ծանր պայմաններին, այս տարի ևս մեծաթիվ մանուկներ Ծաղկազարդին՝ մարտի 20-ին, հավաքվել էին Հալեպի Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագիչը եղել է Բերիոյ Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյան, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ Տեր Տաթև քահանա Միքայելյանը:
«Արևելք»-ը գրում է, որ Տեր Շահան Սրբ. Արք. Սարգիսյաը քարոզի ընթացքում խնդրել է, որ խաղաղություն տիրի Սիրիայում, նաև ապահովություն և համբերություն՝ Սիրիայի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ հաղթականորեն Երուսաղեմ մտնելու հիշատակն է:
Ըստ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինության՝ Ծաղկազարդը հռչակվել է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: