Պոեզիա պետք է կարդալ, այն ազնվացնում է մարդուն. Չարենցի թոռնուհի
«Պոետի օջախը չէր կարող անմասն մնալ այս գեղեցիկ օրվանից»,- այսօր՝ Ե. Չարենցի տուն-թանգարանում, Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված գրական-երաժշտական ցերեկույթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:
1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն մարտի 21-ը հռչակել է Պոեզիայի համաշխարհային օր: Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, ապա` տարածվել աշխարհով մեկ:
Այսօրվա միջոցառումը, որի ընթացքում ընթերցվեցին դասական և ժամանակակից պոետների բանաստեղծություններ, հնչեցին դրանց հիման վրա գրված երաժշտական ստեղծագործություններ, կազմակերպել էին Ե. Չարենցի տուն-թանգարանը, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Ե. Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցը:
«Նմանատիպ միջոցառումները նպաստում և ի հայտ են բերում պոեզիա սիրող և զգացող երեխաներին: Երեխաների համար մենք պարբերաբար կազմակերպում ենք նաև վարպետաց դասեր, որոնք անց են կացնում մեր դերասան-դերասանուհիները»,-նշեց Լիլիթ Հակոբյանը:
Միջոցառմանը ներկա Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի խոսքերով էլ, սխալ կլինի ասել, որ այսօրվա սերունդը պոեզիա չի կարդում, երիտասարդությունը սկսել է կարդալ մեր մեծերին, դասականներին:
«Պոեզիա պետք է կարդալ, այն ազնվացնում է մարդուն, իսկ այդպիսի մարդկանց կարիքը մենք այսօր շատ ունենք»,-ավելացրեց Չարենցի թոռնուհին՝ շեշտելով, որ այսօր մարդիկ սկսել են նաև գիրք շատ գնել:
Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն էլ զրույցում ասաց, որ ընդհանրապես ընթերցանության նկատմամբ է տարեցտարի հետաքրքրությունը մեծանում և նմանօրինակ միջոցառումներն էլ ավելի են նպաստում արմատավորելու երեխաների մեջ սերն ու հետաքրքրությունը դեպի գիրքն ու գրականությունը:
«Չգիտեմ ցավոք սրտի, թե բարեբախտաբար, բայց այսօր նախապատվությունն ավելի շատ տալիս են դասական, քան ժամանակակից գրականությանը: Սակայն սա չի նշանակում, որ չկան լավ ժամանակակից գրողներ: Այստեղ ավելի շատ խնդիրը կապված է մտածողության և դպրոցական ծրագրերի հետ, որտեղ ավելի շատ դասականներն են ընդգրկված: Սա ժամանակի խնդիր է, երբ որ մեր ժամանակակիցներն էլ դառնան դասական, կարծում եմ նույնքան սիրելի կլինեն»,-ընդգծեց Ռուզան Տոնոյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան