Որդին խուլ ու համր մորից խլել է բնակարանը և նվիրել ընկերուհուն
Հաշմանդամություն ունեցող (խուլ ու համր) 76-ամյա Նունյա Կարապետյանը հայտնվել է ծանր վիճակում. որդին՝ Գագիկ Հակոբյանը, մոր բնակարանը, որպես նվիրատվություն, տվել է ընկերուհուն՝ Լուսինեին, ու ծեր կինն այժմ մնացել է առանց տանիքի:
Բնակարանը, որը գտնվում է Շենգավիթ համայնքի Աէրացիա թաղամասում հարմարեցված է հաշմանդամություն ունեցող կնոջը՝ այցելուները, երբ զանգը տալիս են, լույսն է վառվում:
Panorama.am-ը զրուցեց տիկին Նունայի հետ նրա դստեր զուգահեռ թարգմանությամբ:
Որդին, տիկին Նունյայի պատմելով, մորն ասել է, թե ծրագրում է նրա հետ մեկնել արտերկիր և դեռևս 2010 թվականին վերցրել է անձնագիրը, տարեց կնոջը տարել Շենգավիթ վարչական շրջանի նոտարիատ՝ նոտար Սուսաննա Բադիրյանի մոտ ու առանց հատուկ թարգմանչի կամ այլ մերձավորի ներկայության, մորը ստորագրել տվել բնակարանի նվիրատվության պայմանագիրը:
Մինչդեռ, ըստ հայաստանյան օրենսդրության, խուլ ու համր կնոջ համար նոտարիատը պետք է ապահովեր թարգմանիչ ու ստորագրման ժամանակ պետք է ներկա լիներ նաև հարևաններից մեկը:
Տիկին Նունյան, իր ասելով, չի հասկացել՝ ինչ է արել, ստորագրել է, նույնիսկ նվիրատվության փաստաթղթի տակ չի կարողացել իր անուն-ազգանունը գրել: Դա արել է որդին:
2010 թվականից երկար ու ձիգ տարիներ շարունակվող դատական վեճը, երբ տիկին Նունյան պահանջել է անվավեր ճանաչել նվիրատվության պայմանագիրը, ավարտվել է կնոջ հաղթանակով՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հօգուտ նրա է կայացրել որոշումը, որի համաձայն դադարեցվել է Լուսինե Միրումյանի սեփականության իրավունքը և տան նկատմամբ ճանաչվել է Նունյա Կարապետյանի սեփականության իրավունքը:
Բայց որդին իր ընկերուհու հետ չի հանձնվել, դիմել են Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարան: Այստեղ, երկար ժամանակ դատական նիստեր են հրավիրվում, որոնց սակայն Գագիկն ու Լուսինեն չեն ներկայանում, բայց որքան մեծ է լինում տիկին Նունյայի զարմանքը, երբ Վերաքննիչ դատարանը (դատավոր Նարինե Բարսեղյանի նախագահությամբ) որոշում է բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը իսկ Վճռաբեկ դատարանը՝ վերադարձել այն:
Այժմ տիկին Նունյան ապրում է դստեր բնակարանում, բայց, ասում է, իր համար իր սեփական անկյունն է սիրելի:
«Հոգեբանների և իրավաբանների միջազգային ասոցիացիան», որ այս ողջ ժամանակաընթացքում կանգնել է տիկնոջ թիկունքին, մտադիր է օգնել նրանց պայքարը, շարունակել քրեաիրավական դաշտում՝ չէ՞ որ կնոջը խաբել են, տունը վերցրել ձեռքից: Նրանք պատրաստ են անգամ կնոջ իրավունքները պաշտպանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
Տիկին Նունյան արցունքն աչքերին ասում է, թե սկզբում կարոտում էր որդուն, ուզում էր տեսնել, գրկել, գուրգուրել նրան, բայց հիմա, ասում է, ուզում տեսնել ու հարցնել՝ ինչո՞ւ ինձ խաբեցիր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները