Տիկնիկային թատրոնը նպաստում է ազատ մտքի ձևավորմանը. Ռ.Բաբայան
Մարտի 21-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տիկնիկային թատրոնի օր: Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը գործունեության 80 տարիների ընթացքում խաղացանկում ունեցել է մոտ 500 ներկայացում:
Panorama.am-ի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանն ասաց, որ երևանյան տիկնիկային թատրոնը տարբերվում է աշխարհի բոլոր նմանատիպ թատրոններից. «Մեր թատրոնի ամենամեծ առանձնահատկությունը գործունեության ծավալն է՝ բեմադրում ենք տիկնիկային արվեստի բոլոր ձևերը, ներկայացումներ ունենք բոլոր տարիքային խմբերի համար, ներկայացումներ ունենք հայերեն, անգլերեն, ռուսերեն, արաբերեն և այլ լեզուներով»:
Ռ.Բաբայանը կարևորեց այն փաստը, որ թատրոնը 80 տարում երբեք չի փակվել, նույնիսկ ամենադժվար տարիներին:
«Սա շատ կարևոր է, որովհետև կանգնեցնել որևէ ընթացք միգուցե հեշտ է, բայց վերականգնել ընթացքը դժվար է: Հետո ստիպված ես լինում սկսել զրոյից, իսկ կյանքը զարգանում է միայն այն ժամանակ, երբ մենք շարունակական բնույթ ենք տալիս մեր գործողություններին, ոչ թե քանդում ենք ու սկսում զրոյից, այլ շարունակում ենք անել այն, ինչ արել են մեր նախորդները: Կա շատ կարևոր մի հատկություն, որը թատրոնը կիրառում է իր գործունեության մեջ՝ ժառանգաբար փոխանցել այն ամեն լավը, որ ստեղծել են նախորդ սերունդները: Նոր հաջողությունների կարելի է հասնել այն ժամանակ, երբ ունես այդ կարևորագույն հիմքը՝ անցյալը»,- ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Այսօր թատրոնում 300 տիկնիկ կա՝ գործող ներկայացումների համար: Բացի դա թատրոնն ունի թանգարան, որտեղ տարբեր ժամանակաշրջաններում պատրասված, տարբեր երկրների թատրոնների նվիրած տիկնիկներ են ցուցադրվում՝ հնդկական, անգլիական, չինական, բուլղարական և այլն:
«Այդ տեսակից էլ թատրոնը կատարում է իր որոշակի գեղագիտական-կրթական աշխատանքը, հանդիսատեսը հասկանում է՝ ինչքան լայն է, հետաքրքիր ու տարբեր տիկնիկային աշխարհը, որպեսզի մեր փոքրիկ քաղաքացին մեծանա այն զգացումով, որ ամբողջ աշխարհն իրեն է, ինքն այդ ամբողջ աշխարհի կարևորագույն մասն է»,- ասաց Ռ.Բաբայանը:
Թանգարանում ներկայացված ամենահին տիկնիկը 80 տարեկան Տերն է՝ «Տերն ու ծառան» ներկայացումից:
«Տիկնիկային թատրոնը կարևոր է երեխայի համար ազատ մտքի ձևավորման առումով, որովհետև այն թատերական պայմանականությունները, որոնք ընդունված են տիկնիկային թատրոնում, ձևավորում են ազատ մտածողություն: Յուրաքանչյուր երկրի համար շատ կարևոր է ունենալ ազատ մտածող քաղաքացիներ: Միայն ազատ մտածող մարդը կարող է արարել: Մարդը, ով գտնվում է կաղապարների մեջ, ոչ մի նոր բան երբևէ չի ստեղծի: Այդ տեսակետից այն ֆունկցիան, որը կատարում է տիկնիկային թատրոնը, արվեստը իր մանկական ներկայացումներով, ոչ միայն զվարճական է, ընկերության, բարության, ազնվության քարոզ է անում, այլ նաև ազատ մտքի ձևավորում: Միայն այստեղ կարելի է տեսնել կապույտ արև, կանաչ նապաստակ»,- նշեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Տիկնիկային թատրոնը Ռ.Բաբայանը շատ կարևորեց նաև դաստիարակչական իմաստով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան