WikiLeaks-ից պարզվել է, որ Քլինթոնը հետևել է նաև հայ-թուրքական արձանագրությունների հայաստանյան արձագանքներին
Նախորդ շաբաթ WikiLeaks կազմակերպությունը հրապարակեց ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի անձնական նամակագրությունը, որը ներառում է պետքարտուղարի պաշտոնում Քլինթոնի կողմից իրականացված նամակագրությունը ամենատարբեր թեմաներով:
Ավելի քան 50 հազար էջ ունեցող նամակներում WikiLeaks-ի ներդրած որոնողական գործիքի միջոցով արագորեն հնարավոր է բանալի բառերի միջոցով որոնում կատարել և գտնել կոնկրետ թեմաների առնչվող նամակներ: Հրապարակված էլեկտրոնային սերվերը պարունակում է ավելի քան 30.322 նամակ, որոնցում անդրադարձեր կան նաև Հայաստանին:
Մասնավորապես, հրապարակված նամակներից պարզ է դառնում, որ Հայաստանին կատարած անդրադարձերը հիմնականում վերաբերում են հայ-թուրքական արձանագրություններին, Հայոց ցեղասպանության թեմային, կան նաև նամակներ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին: Այս թեմաների հետ կապված Քլինթոնին նամակներ են ուղարկել ինչպես իր աշխատակազմի սովորական աշխատակիցները, այնպես էլ այն ժամանակ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի բարձրաստիճան օգնական Փիլիպ Գորդոնը:
Ծավալային առումով հիմնականում գերակշռողը հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող նամակներն են: Օրինակ 2009 թվականի դեկտեմբերի 10-ով թվագրված նամակում, որը Քլինթոնին ուղարկել է աշխատակազմի աշխատակիցը ասվում է.
«Թուրքերը պետք է շաբաթվա վերջին Հայաստանի հետ ստորագրված համաձայնագիրն այսօր ներկայացնեն խորհրդարանում, ինչպես խոստացել են՝ հնարավոր դարձնելով Հայաստանի նախագահի այցը Թուրքիա՝ ֆուտբոլային խաղին մասնակցելու համար»:
Թեմայի հետ կապված 2009 թվականի օգոստոսի նամակագարությունից պարզ է դառնում, որ Քլինթոնը և Գորդոնը առանձնահատուկ աշխատանքներ են իրականացրել, որպեսզի թուրքական կողմը արձանագրությունների վավերացումը իրականացնի 2009 թվականի հոկտեմբեր ամսին:
Նամակներից պարզ է դառնում նաև, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն ուշադրությամբ հետևել է հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված Հայաստանից ստացվող արձագանքներին: Մասնավորապես, առկա են նամակներ, որոնցում աշխատակիցները Քլինթոնին են ուղարկել Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունների տեքստերը վերցված անգլալեզու մամուլից, որպեսզի Քլինթոնն այն ի գիտություն ընդունի Ահմեդ Դավութղօլուին զանգ կատարելուց առաջ: Պետքարտուղարության ուշադրության դաշտում են եղել նաև թուրքական կողմի այն հայտարարությունները, որոնցում հայ-թուրքական արձանագարությունների ստորագրումը կապվել է Ղարաբաղյան խնդրի հետ:
Հայոց ցեղասպանության վերաբերյալ նամակներից մասնավորապես պարզ է դառնում, որ աշխատակազմի աշխատակիցները պարբերաբար Քլինթոնին նամակներով տեղյակ են պահել, թե ինչ գործընթացներ են ընթանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով: Մասնավորապես, 2011 թվականի դեկտեմբերի 22-ով թվագրված նամակով Քլինթոնը տեղյակ է պահվել, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը սատարում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելուն: