Գայլի հարձակումից տուժած կնոջը կտեղափոխեն Երևան
Գայլը Խաչիկ գյուղի բնակչուհու վրա հարձակվել է տան բակում: Panorama.am-ի հետ զրույցում տուժածի որդին՝ Վարդանն ասաց, որ մայրն առավոտյան ժամը 7:10-ին տանից դուրս է եկել , որ գոմ գնա՝ կովը կթելու: Կենդանին հարձակվել է միայնակ կնոջ վրա, գցել գետնին:
«Էդ պահին ոչ մեկ չի տեսել, տնեցիք չեն էլ իմացել: Գցել է գետնին: Վնասել է դեմքը, ձեռքերը: Բաց է թողել ու փախել: Հստակ չգիտենք էլ ինչ կենդանի է: Ենթադրում ենք՝ գայլ է: Խոսել չի կարողանում, հասկացնում է: Փառք Աստծո, աչքերը չի վնասվել»,-ասաց տուժածի որդին:
Այս պահին կինը գտնվում է Եղեգնաձորի բժշկական կենտրոնում: Բժիշկներն առաջին օգնություն են ցուցաբերել: Գիտակցություն կա, բժիշկների հավաստմամբ, կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին պատրաստվում են կնոջը Երևան տեղափոխել, վիրահատություններ են պետք:
Վարդանն ասաց, որ տունը հենց գյուղի կենտրոնում է, հեռու անտառներից: Խաչիկի բնակչի խոսքով, գյուղում գայլերը շատ են: Գյուղի տարածք մտնում են գիշերով, առավոտյան լքում բնակավայրը: Գյուղացիների վրա հարձակում մինչ այս չէր եղել: