Ռուսաստանը նոր տեխնիկա է տեղափոխում Սիրիա. Stratfor
Չնայած Սիրիայից հիմնական զորքերի դուրսբերման մասին հայտարարություններին` Ռուսաստանը նոր տեխնիկա է տեղակայում այնտեղ: Այս մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ` ասվում է ամերիկյան հետախուզական-վերլուծական Stratfor կազմակերպության զեկույցում, որը հրապարակվել է երկուշաբթի` մարտի 21-ին:
Վերլուծաբանները, մատնանշելով Լաթաքիայում և Տարտուս նավահանգստում տեղակայված ռուսական ավիաբազաների լուսանկարները, պնդում են, որ Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերում իր զորքերի մի մասը, սակայն ընդգծում են, որ դրա հետ մեկտեղ Մոսկվան ընդլայնում է այդ բազաներում իր ենթակառուցվածքները և վերջին օրերին այնտեղ նոր հավելյալ ուժեր է տեղակայել:
Stratfor-ի տվյալներով` Ռուսաստանը Լաթաքիայի իր բազայում տեղակայել է Մի-28 և Կա-52 ռազմական ուղղաթիռներ: Ինչպես նշում են ամերիկացի վերլուծաբանները` այդ ուղղաթիռները ոչ միայն կարող են իրականացնել ավիաբազայի պաշտպանական ֆունկցիաներ, այլ նաև իրականացնել ռազմական որոնողափրկարարական գործողություններ և անմիջական աջակցություն ցուցաբերել ցամաքային զորքերին:
Stratfor-ը նաև նշում է, որ Ռուսաստանը Սիրիայից մինչ այժմ դուրս չի բերել Սու-30 և Սու-35 ինքնաթիռները և նույնիսկ զորքերը դուրս բերելու մասին հայտարարությունից հետո շարունակել է օդային աջակցություն ցուցաբերել սիրիական բանակին, որը փորձում է ԻՊ-ից հետ վերցնել Պալմիրա քաղաքը: