«Նիկոլ Փաշինյանը փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա». հայտարարություն
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի ընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Այսօր առավոտվանից ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ուսումնական հաստատությունների աշխատանքային ժամերին, այցելություններ է իրականացրել Հրազդան քաղաքում գործող մի շարք հանրակրթական դպրոցներում: Ներկայանալով որպես թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի պետ, նա փորձել է ճնշումներ գործադրել հաստատությունների ղեկավարների վրա, ներքաշել նրանց նախընտրական գործընթացների մեջ: Ցավով արձանագրում ենք, որ նման պահվածքը հարիր չէ Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցչին, միաժամանակ գնահատում ենք այն որպես փորձ՝ շեղելու ուսումնական հաստատությունների ամենօրյա աշխատանքային գործունեությունը և ներգրավելու դպրոցները նախընտրական գործունեության մեջ: Խիստ դատապարտում ենք նման, օրենքի հետ որևէ աղերս չունեցող, գործողությունները ու ակնկալում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության արձագանքն ու գնահատականը: Կից ներկայացնոմ ենք տվյալ զարհուրելի փաստը հաստատող լուսանկարներ և տեսանյութի հղումը»:
Որպես «զարհուրելի փաստ», շտաբը տարածել է հետևյալ լուսանկարները և տեսանյութը։
Հիշեցնենք՝ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները նշանակված են ապրիլի 17-ին:
Ապրիլի 17-ին Հրազդանում անցկացվելու են քաղաքապետի ընտրություններ: ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սասուն Միքայելյանի, «Հայկական Վերածնունդ» կուսակցությունը՝ Արթուր Միսակյանի թեկնածությունները, ինքնաառաջադրվել են անկուսակցական Վաղարշակ Պողոսյանը, ՀՀԿ-ական Գրիգոր Ռաֆայելյանը:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբը:
Հարակից հրապարակումներ`
- Թալինում երկրորդ թեկնածուն է առաջադրվել, Հրազդանում՝ չորրորդ
- Հրազդանում արդեն երեք առաջադրված թեկնածու կա
- Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է Լևոն Դոխոլյանը
- Սասուն Միքայելյանը մասնակցելու է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին