Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային ցուցահանդեսներում Արցախի մասնակցությանը. Սերգեյ Շահվերդյան
Արցախի Հանրապետության պատվիրակությունը մարտի 9-ից 13-ը Բեռլինում կազմակերպված «ITB Berlin 2016» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի շրջանակներում ներկայացրել է իր զբոսաշրջային ներուժը: Սակայն այս ցուցահանդեսը ևս չի անցել առանց միջադեպերի:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը, ամեն տարի մասնակցում են ճանաչում ունեցող միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը որպես զբոսաշրջության համար բարենպաստ երկիր ներկայացնելու համար, սակայն ամեն անգամ ադրբեջանցիները փորձում են խափանել Արցախի տաղավարի աշխատանքները:
«Արցախն ամեն տարի մասնակցում է խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսներին և քայլեր ձեռնարկում զբոսաշրջային բարենպաստ երկրի իմիջ ձևավորելու համար: Եւ ահա ամեն տարի զբոսաշրջային ցուցահանդեսներում գրեթե նույն իրավիճակն է: Ադրբեջանի իշխանությունները ջանքեր են գործադրում, որպեսզի կասեցնեն ԼՂՀ-ի մասնակցությունը ցանկացած ցուցահանդեսի, ուստի ոչ մի ցուցահանդես չի անցնում առանց այդպիսի միջադեպերի»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:
Նրա խոսքերով՝ սկզբից Ադրբեջանն աշխատում է պաշտոնական խողովակներով, բողոքում են ցուցահանդեսի կազմակերպիչներին, տվյալ երկրի արտաքին գերատեսչություններին: «Դա իրականացվում է Ադրբեջանի դեսպանության միջոցով, և, երբ այդ ջանքերը ապարդյուն են անցնում, իրենք փորձում են ստեղծել անընդունելի իրավիճակ ցուցահանդեսի կազմակերպիչների համար, որպեսզի այս ձևով պարտադրեն իրենց կամքը ու չեզոքացնեն Արցախի մասնակցությունը այդ ցուցահանդեսներին»,- նշեց Սերգեյ Շահվերդյանը:
Արցախի էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության ծրագրերի պատասխանատու Արտակ Գրիգորյանը, ով եղել է Արցախի պատվիրակության կազմում, նշեց, որ առաջին օրերին իրավիճակը նորմալ է եղել, ընդհանուր առմամբ Բեռլինի ցուցահանդեսին իրենց մասնակցությունն արդյունավետ են գնահատում:
«Առաջին երկու օրը գործարար հանդիպումներ էին, մեր պատվիրակությունն արդյունավետ աշխատանք է իրականացրել: Երրորդ և չորրորդ օրերին ցուցահանդեսն արդեն բաց էր հանրության համար: Այդ ժամանակ Ադրբեջանը սկսեց ապակայունացնող միջոցներ ձեռնարկել: Նախ փակեցին իրենց տաղավարը` տեղադրելով քաղաքական բնույթի պաստառներ, ինչն արգելված է ցուցահանդեսների կազմակերպիչների կողմից: Դրանից հետո մի խումբ ադրբեջանցիներ ներխուժեցին Արցախի տաղավար և փորձեցին խոչընդոտել աշխատանքները, դրոշներով փակել տաղավարը, ինչպես նաև դեպի տաղավար տանող մուտքը, սակայն դա նրանց չհաջողվեց, քանի որ մի քանի րոպեից, ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, այդ ապակայունացնող իրավիճակը հնարավոր դարձավ կասեցնել»,- ընդգծեց Արտակ Գրիգորյանը:
Դրանից հետո, ըստ նրա, Արցախի տաղավարը շարունակել է աշխատանքը՝ այցելուներին տրամադրելով տեղեկատվություն Արցախի զբոսաշրջության ոլորտի մասին:
Արտակ Գրիգորյանը նշեց նաև, որ Ադբեջանի նման քայլերը ոչ միայն կասեցվում են, այլև հակառակ արդյունքն են ունենում: Նման դեպքերից հետո, ըստ նրա, Արցախի տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծանում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան